«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից դուրս գալն Արագած Ախոյանը չի համարում դավաճանություն: Նրա գնահատմամբ՝ կուսակցության հետ զագսավորված չէր, որ հավիտյան մնար կառույցում, եթե քաղաքական հայացքները չեն համընկնում: «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան՝ Ախոյանը շեշտում է, որ միակ պատգամավորն էր, ով կուսակցությունից դուրս գալուց ներկայացրել էր հստակ պատասխան և դիրքորոշում:

 

«Սա քաղաքականություն է, ոչ ոք ոչ մեկի հետ չի զագսավորվել: Կա քաղաքական մոտեցում, և վերջին շրջանում եղել են փոփոխություններ քաղաքական դիրքորոշումներում: Դուրս եկած պատգամավորները հիմնականում մեծամասնական ցանկից են: Այսինքն՝ մենք պատասխանատու ենք որևէ կոնկրետ ընտրազանգվածի համար: Իմ որոշմամբ՝ ընտրազանգվածին չեմ հիասթափեցրել»,- ասաց Ախոյանը' հավելելով, որ Ծառուկյանին նույնպես չի հիասթափեցրել: Ինչ վերաբերում է առանց Ծառուկյանի «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ հարաբերություններին, Ախոյանը դրանք բնութագրել է քաղաքակիրթ, սակայն քաղաքական համագործակցության համար ճանապարհներն այլ են:

 

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արագած Ախոյանը կուսակցությունը լքելու որոշում էր կայացրել այն բանից հետո, երբ կուսակցության արդեն նախկին առաջնորդը հայտարարեց ընդդիմադիր դիրքորոշման մասին: