Հայոց ցեղասպանության մասին պատմող «Ցեղասպանության որբերը» փաստավավերագրական ֆիլմը մեծ էկրան կբարձրանա ԱՄՆ Ռեյսին քաղաքում: Կինոռեժիսոր Բեյրդ Մարոնյանի հեղինակած ֆիլմը կցուցադրվի «Գոլդեն Ռոնդել» թատրոնում:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով The journal times կայքը, «Ցեղասպանության որբերը» ֆիլմը պատմում է Եղեռնի տարիներին որբացած 130 հազար հայ մանուկների մասին:
Ֆիլմի հեղինակ «Էմմի» մրցանակակիր Բեյրդ Մարոնյանը ցուցադրել է ամերիկյան մի մանկատուն, որտեղ ապրել են Ցեղասպանությունից փրկված 1000 հայ որբեր, որոնց Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում բռնի կերպով փորձել են դավանափոխել: 90 րոպե տևողությամբ ֆիլմում ներկայացվում են արխիվային կադրեր և որբերի հուշերը, որոնք դեռ երբեք չեն ցուցադրվել:
Ռեժիսոր Մարոնյանի խոսքով' ֆիլմը հայկական պատմություն է, և միևնույն ժամանակ' ամերիկյան պատմություն: «Ամերիկացիներն առաջիներն էին, ովքեր շատ ջանք և միջոցներ ներդրեցին, որպեսզի համոզվեն, որ առնվազն 132 հազար որբ երեխա են փրկվել»,- ասել է նա:
Ռեյսին քաղաքի Երկու հայկական եկեղեցիների' Սուրբ Հակոբի և Սուրբ Մեսրոպի շատ ներկայացուցիչներ հենց այդ որբերի զավակներն են: Նրանցից ոմանք գիտեն միայն հատվածական պատմություններ, քանի որ ծնողնեը չեն ցանկացել խոսել Ցեղասպանության կոտորածների մասին:
Թերթը հիշեցնում է, որ Օսմանյան Թուրքիայի կառավարության կողմից ավելի քան 1.5 մլն հայեր են ոչնչացել 1915-1923 թթ. ընթացքում: «Հայ բնակչությունը ոչնչացվել է իր հայրենիքում, որտեղ ապրում էր արդեն 3000 տարի, իսկ Թուրքական կառավարությունը մինչ օրս չի խոստովանում կատարվածը»,- գրում է The journal times-ը:
Ֆիլմի ցուցադրությունը մեկն է այն միջոցառումներից, որ իրականացվելու է քաղաքում Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ: Հայկական եկեղեցիների անդամները պատրաստում են նաև անցկացնել այլ միջոցառումներ, համերգներ և ծրագրեր: «Այս ամենը ոչ միայն նրա համար է, որ հիշենք և ոգեկոչենք Ցեղասպանության զոհերին, այլ նաև կանխենք հետագայում նման վայրագությունների կրկնությունը»,- ասել է Սուրբ Մեսրոպ եկեղեցու քահանա Տեր Եփրեմ Քելեջյանը:
Վավերագրական ֆիլմի սցենարը գրել են Բեյրդ Մարոնյանը եւ Ջեքի Աբրահամյանը: Ֆիլմն արտադրել է Armenoid Productions Inc.-ը: Խումբը նաեւ նույն անվանմամբ 120-էջանոց գիրք է հրատարկել: