Արեւմուտքը Ռուսաստանին ավելի է հարկավոր, քան նա՝ Արեւմուտքին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս պնդումով հանդես է եկել Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնը:
«Ես չեմ կարծում, որ կա ռազմական լուծում,- ասել է նա՝ անդրադառնալով Արեւմուտքի եւ Ռուսաստանի փոխհարաբերությունների ճգնաժամին:- Բայց կա տնտեսականը: ԵՄ-ն եւ ԱՄՆ-ն միասին ունեն հսկայական տնտեսական հզորություն: Ռուսաստանը մեր կարիքն ավելի շատ ունի, քան մենք՝ նրա: Ուստի մենք պետք է այնպես անենք, որ մեր տնտեսական հարաբերությունների հզորությունը դեր խաղա դրանում»:
Ըստ ՏԱՍՍ-ի՝ Քեմերոնը վերահաստատել է իր դիրքորոշումը, ըստ որի «հակասություններ չկան» միջազգային կարեւոր հարցերի քննարկման համար Մոսկվայի հետ աշխատանքային հարաբերություններ պահպանելու եւ ուկրաինական ճգնաժամի պատճառով «կոշտ դիրքորոշման եւ պատժամիջոցների» միջեւ: Այն դեպքում, եթե Ռուսաստանը շարունակի Ուկրաինայի նկատմամբ իր ներկայիս քաղաքականությունը, նա «չպետք է ակնկալի այն օգուտները, որոնք 21-րդ դարի աշխարհի անդամ լինելը տալիս Է ազատ առեւտրի, տեղեկատվության ու գաղափարների փոխանակման տեսանկյունից», հավելել է Մեծ Բրի տանիայի վարչապետը: