Սիրիայի ազգային ժողովը մարտի 17-ի նիստում անդրադարձել է Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության (AKP) կառավարության կողմից Սիրիայում գործող ահաբեկչական կազմակերպություններին զենքով, փողով, ապաստանով եւ վարժեցմամբ աջակցությունը շարունակելու փաստերին:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, թուրքական OdaTV-ն' հղում կատարելով Սիրիայի պաշտոնական SANA լրատվական գործակալությանը, հայտնում է, թե Սիրիայի ազգային ժողովի նիստը հայտարարել է, որ Թուրքիայի կառավարությունը մարդկությանն ուղղված հանցագործությունների շարունակությունն է:

 

Սիրիայի ազգային ժողովի նախագահ Մուհամեդ Ջիհաթ ալ Լահհամի նախագահությամբ տեղի ունեցած նիստում խորհրդարանի անդամները եւ նախագահությունը միջազգային հանրությանը եւ աշխարհի ժողովուրդներին կոչ են արել միանալ ամբողջ տարածաշրջանն ու ժողովուրդներին թիրախ դարձրած հանցագործ ահաբեկչության դեմ իրենց պայքարին: Սիրիայի խորհրդարանի անդամներն ու նախագահությունը հայտարարել են, որ միայն նման կերպ է հնարավոր կանխել մարդկության դեմ նոր հանցագործությունները: