Պենտագոնը դեռ չի հաստատել Լաթաքիա քաղաքի մերձակայքում մարտի 17-ին ամերիկյան անօդաչու օդանավի խոցելու փաստը: Պենտագոնի աշխատակիցները հրաժարվել են հաստատել այդ փաստը՝ հայտարարելով, որ դեռ որևէ հաստատող փաստեր չունեն:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, ամերիկյան կողմը միայն հայտարարել է, որ Լաթաքիայում կորցրել են կապն օդանավի հետ:
Ավելի վաղ, սիրիական հեռուստատեսության տեղեկացմամբ, Սիրիայի օդային պաշտպանության ուժերը Լաթաքիայի հյուսիում անօդաչու օդանավ են խոցել: Սիրիական ռազմական փորձագետները պարզում են դեպքի հանգամանքները: Սիրիական հեռուստատեսությունը հրապարակել է խփված օդանավի լուսանկարները՝ նշելով, որ այն հայտնվել է ծովի կողմից և ընկել ծովային նավահանգստի հյուսիսում:
Համաձայն տեղեկության՝ ամերիկյան օդանավը մտել է Սիրիայի օդային տարածք առանց սիրիական իշխանությունների հետ նախօրոք համաձայնության: Սիրիան հերքել է այն փաստը, որ այդ շրջանում «Իսլամական պետության» դիրքեր կան:
Սա առաջին նմանատիպ դեպքն է ԱՄՆ-ի գլխավորությամբ միջզգային դաշինքի՝ ԻՊ-ի դեմ ռազմական գործողություններ սկսելուց ի վեր: Օդային հարվածները մասնավորապես ուղղվել են սիրիայի հյուսիսային և հյուսիս-արևելյան հատվածներին, որտեղ կենտրոնացած են ԻՊ-ի դիրքերը:
ԱՄՆ-ի գլխավորությամբ միջազգային դաշինքը Սիրիայում ռազմական գործողություններն սկսել է 2014թ. սեպտեմբերի 23-ից: