Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը միակ գործընկերն է, ով կարող է վճռորոշ դեր խաղալ Սիրիայում քաղաքական ճգնաժամի լուծման համար:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, այս մասին «RTS info» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Շվեյցարիայի նախկին գլխավոր դատախազ, Սիրիայում իրադարձությունների ուսումնասիրման միջազգային հանձնաժողովի անդամ Կարլա Դել Պոնտեն:
«Անհնար է առանց Բաշար ալ Ասադի հասնել լուծման»,- նշել է նա՝ շեշտելով Ասադի մեծ հեղինակությունը երկրում:
Կարլա Դել Պոնտեն կիսել է այն կարծիքը, համաձայն որի երկրում իրավիճակը կարելի է կարգավորել միայն Սիրիայի կառավարության հետ երկխոսության միջոցով, որը համարել է միակ ուղին: Նրա խոսքով' շատերը կարծում են, որ անհրաժեշտ է համագործակցել սիրիական ղեկավարության հետ, ինչը հնարավոր է միայն նախագահի լիազորությամբ:
Ավելի վաղ ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին նշել էր, որ իր երկիրը ստիպված է բանակցությունների վարել նախագահ Ասադի հետ Սիրիայում պատերազմին վերջ տալու համար:
Իր հերթին Գերմանիայի Արտաքին գործերի նախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը հայտարարել է, որ սիրիական ճգնաժամին կարելի է վերջ դնել միայն բանակցությունների միջոցով, նույնիսկ եթե պահանջվի, որ դրանց մասնակցի նախագահ Բաշար ալ Ասադը: