Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդես է եկել հերթական հակահայկական քարոզչությամբ:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով «Անատոլու» լրատվական գործակալությունը, Առաջին համաշխարհային պատերազմի 100-ամյա տարելիցի կապակցությամբ Ստամբուլում աշխարհի արխիվների ղեկավարների համագումարում եւ ցուցահանդեսում ունեցած ելույթում Էրդողանը ցինիկաբար հայտարարել է, թե Հայաստանում եւ սփյուռքում Հայոց ցեղասպանության հիշատակի արարողությունները Թուրքիային ուղղված թշնամանք են:
Անհեթեթ համեմատություններ անելով' նա ասել է, որ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ ցավեր եւ ողբերգություններ ունեցել են ոչ միայն հայերը, այլ նաեւ մահմեդականները' Բալկաններում եւ Կովկասում:
«Հայերի այդ արշավների նպատակը պատմության այդ ժամանակաշրջանում կրած ցավերը կենդանի պահելուց բացի, Թուրքիային եւ թուրք ազգին թշնամություն անելն է: Նրանց նպատակը ոչ թե ճշմարտության բացահայտումն է, այլ Թուրքիայի վրա հարձակվելն ու վնաս հասցնելը», -ասել է նա:
Էրդողանը դարձյալ կրկնել է բազմիցս չարչրկած իր այն արտահայտությունը, թե, ի տարբերություն Հայաստանի, Թուրքիայի արխիվները բաց են բոլորի համար, պատմաբանները կարող են ուսումնասիրել դրանք, եւ նախապես համոզմունք հայտնել, որ ցեղասպանության ապացույցներ այնտեղ չկան: