Աշխատանքային այցով Բելգիայի Թագավորությունում գտնվող ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Եվրոպական ժողովրդական կուսակցության գագաթնաժողովի շրջանակներում հանդիպում է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի հետ: Զրուցակիցները քննարկել են Հայաստան-ԵՄ կառուցողական երկխոսությանն ու հարաբերությունների զարգացման հեռ անկարին վերաբերող հարցեր:

 

 

Հանդիպմանն անդրադարձ է եղել Հայաստանում իրականացվող բարեփոխումներին, որոնք, կողմերի համոզմամբ, կարևոր տեղ են զբաղեցնում Եվրամիության հետ Հայաստանի հարաբերություններում:

 

 

Սերժ Սարգսյանը և Դոնալդ Տուսկն անդրադարձել են նաև 2014թ. տարեվերջից ԵՄ-ի հետ քննարկվող Հայաստան-ԵՄ հարաբերությունները կարգավորող նոր իրավական շրջանակը ձևավորելու հարցին և Արևելյան գործընկերության Ռիգայի գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքներին: Զրուցակիցներն անդրադարձել են նաև Հարավային Կովկասի տարածաշրջանի խնդիրներին ու մարտահրավերներին:

 

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, ԵԺԿ գագաթնաժողովի շրջանակներում Նախագահ Սերժ Սարգսյանը կարճատև հանդիպում է ունեցել Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելի հետ: Զրուցակիցները քննարկել են հայ-գերմանական երկկողմ և բազմակողմ համագործակցությանն ու Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցեր: