Հայաստանյան առաջատար մի շարք բուհեր բռնել են ուսումնական ծրագրերի վիրտուալացման ճանապարհը: Այդ է փաստում գիտաժողովը, որն անցկացվել է մարտի 20-ին ԵՊՀ-ում: «Ուսումնառության ռեսուրսների վիրտուալացում. միջհամալսարանական համագործակցության փորձի փոխանակում» խորագրով գիտաժողովը նախաձեռնել է ԵՊՀ տեղեկատվական տեխնոլոգի աների կրթական և հետազոտական կենտրոնը:

 

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԵՊՀ-ից, գիտաժողովի հիմնական նպատակն է վերջին տարիներին այս ոլորտում ունեցած ձեռքբերումների ամփոփումը և հեռանկարների քննարկումը: Հայաստանյան 3 համալսարաններ՝ ԵՊՀ-ն, Մ. Հերացու անվան պետական բժշկական և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանները, միասնական ձևով առաջին անգամ կարողացել են ստեղծել տարատեսակ կրթական միջավայրերում օգտագործվող էլեկտրոնային դասընթացներ:

 

 

«Սկսած 2003-ից աշխատում ենք կրթական նոր տեխնոլոգիաների ներդրման ուղղությամբ: Սկսել ենք ավագ դպրոցների համար նախատեսված դասընթացներից, այնուհետև ստեղծել ենք հայտնի «Հայկական վիրտուալ քոլեջը», հետո' Ռոստոկի համալսարանի հետ ներդրեցինք «Վիզուալ հաշվարկ» ծրագիրը: Այս ծրագրի հիմնական մեխն այն է, որ շատ հաճախ ժամանակակից կրթական ծրագրերը դժվար է լինում մեկ համալսարանի ուժերով կյանքի կոչելը. պետք է լինում այլ համալսարանների օգնությունը, ինչի հնարավորությունն այս ծրագիրը տալիս է»,- նշել է ԵՊՀ ՏՏ կրթական և հետազո տական կենտրոնի գիտական ղեկավար Սամվել Շուքուրյանը:

 

 

Գիտաժողովին ներկա են եղել ՀՀ կրթության և գիտության նախարարության, հանրապետության տարբեր բուհերի, կրթական ոլորտին առնչվող միջազգային հասարակական կազմակերպությունների, ինչպես նաև Հայաստանում գործող դեսպանատների ներկայացուցիչներ:

 

 

«Ինչ խոսք, այս գիտաժողովը ողջունելի է, քանի որ այն ամփոփում է մի փորձ, որն իրականացրել են մի քանի բուհեր: Նման աշխատանքներն են, որ մեզ օր օրի մոտեցնում են կրթական այդ ձևի լայն կիրառմանը»,- ասել է ՀՀ կրթության և գիտության նախարարության բարձրագույն ուսումնական հաստատությունների համակարգման և վերահսկման բաժնի պետ Սասուն Մելիքյանը:

 

 

Գիտաժողովի ընթացքում յուրաքանչյուր բուհ ներկայացրել է իր փորձը, առցանց ծրագրերի մշակման ու ներդրման առանձնահատկությունները, ինչպես նաև այն արդյունքները, որոնք գրանցել են այդ ծրագրերով սովորած ուսանողները:

 

 

Զեկուցումների ներկայացումից զատ, գիտաժողովում առանձնացված էր նաև քննարկումների հատված, որի ընթացքում հավաքված մասնագետները առաջարկներ են ներկայացրել առցանց նոր դասընթացներ մշակելու, ինչպես նաև կրթական ռեսուրսների վիրտուալացման նպատակով շահառուների կոնսորցիումի ստեղծման համար: