Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցի Սիրիայի կենտրոնական մարմինը հատուկ պաստառներ է պատրաստել, որոնք արդեն փակցվել են Հալեպի հայկական եկեղեցիների, միությունների և այլ կառույցների պատերի վրա: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցի Սիրիայի կենտրոնական մարմնի պաշտոնական էջից:
Հրապարակվել են Հայ առաքելական Սուրբ Աստվածածին եկեղեցու մուտքի վրա փակցված պաստառների լուսանկարները:
Ավելի վաղ աղբյուրը տեղեկացրել էր, որ Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցի Սիրիայի կենտրոնական մարմինը մարտի 18-ի երեկոյան Հալեպի Սուրբ Աստվածածին եկեղեցու «Սուրենյան» դահլիճում արտահերթ նիստ էր գումարել, որին մասնակցել էին սիրիահայ երեք համայնքապետերը, հայկական կազմակերպությունների և միությունների ներկայացուցիչներ: Որոշվել էր երախտագիտական նամակ հղել Սիրիայի Նախագահին և խորհրդարանին' հայերին աջակցելու համար:
Մարտի 17-ին Սիրիայի խորհրդարանի նախագահ Մուհամմադ Ջիհադ ալ Լահհամը խորհրդարանական նիստի ընթացքում հայտնել էր. «Մեր բացարձակ համերաշխությունն ենք հայտնում բարեկամ հայ ժողովրդին, Սիրիայում ապրող մեր հայ հարազատներին, ովքեր հարյուր տարի առաջ Օսմանյան կայսության կողմից ենթարկվել են հավաքական ցեղասպանության»: Ապա խորհրդարանի նախագահը առաջարկել էր մեկ րոպե լռությամբ հոտնկայս հարգել ցավալի իրադարձությունների զոհ դարձած 1,5 միլիոն հայերի հիշատակը: