Պաշտոնական այցով Ուկրաինայում գտնվող Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին Կիեւում դիմավորել են բողոքի ակցիայով: Ուկրաինայի նախագահի նստավայրի մոտ հավաքված ակցիայի մասնակիցները ձեռքներին բռնել են «Թաքսիմի հրապարակ», «Մարդասպան, բարով չեկար» բովանդակությամբ պաստառներ եւ հայտարարել, որ դեմ են Էրդողանի ավտորիտար քաղաքականությանը:

 

«Նա բռնապետ է: Մեր նախկին նախագահի (Յանուկովիչ-հեղ.) պես նա եւս բռնություն է գործադրում խաղաղության կողմնակիցների դեմ», -ասել է ակցիայի մի մասնակից: Մի այլ մասնակից էլ Էրդողանի այցի համար մեղադրել է Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոյին: «Մենք չենք հասկանում, թե նախագահ Պորոշենկոն Ֆրանսիայում «Ես Չառլի Հեբդո եմ» կարգախոսով անցկացված երթից վերադառնալուց հետո ինչու է Էրդողանին մեր երկիր հրավիրել», -ասել է նա:

 

Ակցիայի մասնակիցները միաժամանակ հայտարարել են, որ պաշտոնական Անկարան զենք է մատակարարում «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությանը եւ վիրավոր ահաբեկիչները բուժվում են Թուրքիայում: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական ընդդիմադիր մամուլը:

 

Թուրքական պաշտոնական «Անատոլու» լրատվական գործակալությունն էլ հաղորդել է, որ Ուկրաինայի նախագահական պալատում երկու նախագահների 3 ժամ տեւած հանդիպումից եւ Թուրքիա-Ուկրաինա բարձր մակարդակի համագործակցության խորհրդի 4-րդ նիստի հավաքին մասնակցելուց հետո կազմակերպված մամուլի ասուլիսում Էրդողանը, դիմելով Պորոշենկոյին, ասել է. «Թանկագին բարեկամ, մենք պատրաստ ենք ավելի առաջ տանել Թուրքիայի մոտ բարեկամ եւ հարեւան Ուկրաինայի հետ ռազմավարական գործակցությունը: Ռազմավարական ասելով' հասկանում ենք ճգնաժամային իրավիճակներում միեւնույն հարցերում, այդ թվում' Ղրիմի' Ուկրաինային վերադարձի եւ Ղրիմի թաթարների իրավունքները պաշտպանելու հարցում, երկու երկրների համատեղ դիքորոշմամբ եւ քայլերով հանդես գալը»: Էրդողանը հավելել է, որ Պորոշենկոյի հետ որոշել են այսուհետ նվազագույնն ամիսը մեկ անգամ հանդիպել կամ կապվել հեռախոսով:

 

Մամուլի ասուլիսում Էրդողանը լրագրողներին հայտնել է, որ Թուրքիան Ուկրաինային 10 մլն դոլարի մարդասիրական օգնություն է ցուցաբերելու, բացի այդ, 50 մլն դոլարի էլ վարկ է հատկացնելու' երկրի պետբյուջեի դեֆիցիտը փակելու համար: Էրդողանը նաեւ հայտնել է, որ երկու երկրների միջեւ տնտեսական համագործակցությունն ավելի ընդլայնվելու է:

 

Ուկրաինայի եւ Թուրքիայի միջեւ առեւտրային շրջանառության ծավալը 2014 թվականին կազմել է 6 մլրդ դոլար: