Իսրայելի ահաբեկչության դեմ պայքարի շտաբը հրեական գարնանային տոներից առաջ նախազգուշական խորհուրդներ է տվել արտասահման մեկնել ցանկացող իսրայելցիներին:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով newsru.co.il լրատվական կայքը, շտաբը խորհուրդ է տվել խուսափել այցելություններից Աֆղանստան, Ադրբեջան, Թուրքիա, Ինդոնեզիա, Բուրկինա Ֆասո, Կոտ դ'Իվուար, Տոգո, Մալի, Մալայզիա, Պակիստան, Նիգերիա եւ Քենիա: Շտաբի աշխատակիցներն ընդգծել են, որ բոլոր նախազգուշացումները հիմնված են ճշգրիտ եւ ստուգված հետախուզական տվյալների վրա եւ անդրադարձնում են արտասահմանում իսրայելցիների եւ հրեաների դեմ ահաբեկչական գործողությունների իրական սպառնալիքը:
Շտաբի նախազգուշացումները վերաբերում են աշխարհի 193 երկրներից 41-ին: Իսրայելցիներին խորհուրդ չի տրվում այցելել 27 երկրներ եւ 8 սահմանային շրջան: Եւս 6 երկիր այցելությունն արգելված է օրենքով, դրանք են Իրանը, Լիբանանը, Սիրիան, Իրաքը, Սաուդյան Արաբիան, Եմենը: Այդ երկրներ այցը քրեական պատասխանատվություն է ենթադրում:
Նշվում է, որ Լիբիայում, Սուդանում, Սոմալիում, Ալժիրում, Ջիբութիում, Մավրիտանիայում եւ Թունիսում պահպանվում է իսրայելցիների եւ հրեական օբյեկտների դեմ սպառնալիքի բարձր մակարդակը:
Խորհուրդ է տրվում խուսափել Արաբական միացյալ Էմիրություններ, Բահրեյն, Հորդանան, Քուվեյթ, Եգիպտոս (այդ թվում' Սինայի թերակղզի), Քաթար, Մարոկկո եւ Օման այցելությունից, որտեղ վտանգավորության մակարդակը նշված է «բարձր»:
Իսրայելի ահաբեկչության դեմ պայքարի շտաբը արտասահմանում գտնվող իսրայելցիներին եւ զբոսաշրջիկներին խորհուրդ է տալիս հատուկ զգոնություն եւ զգուշություն դրսեւորել: