Ազգային ժողովը քվեարկությամբ մերժեց Վալերի Պերմյակովին հայ իրավապահներին հանձնելու վերաբերյալ Զարուհի Փոստանջյանի «2015թ. հունվարի 12-ին Գյումրիում տեղի ունեցած դաժան սպանությունների կապակցությամբ Ազգային ժողովի հայտարարության նախագիծը հինգերորդ գումարման յոթերորդ նստաշրջանի օրակարգում ընդգրկելու մասին» հայտարարության նախագիծն ԱԺ օրակարգում ընդգրկելու հարցը:

 

Հայտարարության նախագիծը մերժվեց. օրակարգում ներառվելու համար անհրաժեշտ էր 66 կողմ ձայն, մինչդեռ կողմ քվեարկեց 42 պատգամավոր, 1 պատգամավոր քվեարկեց ձեռնպահ, իսկ ՀՀԿ խմբակցությունը չմասնակցեց քվեարկությանը:

 

ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը խմբակցության անունից հորդորեց Զարուհի Փոստանջյանին ողջամիտ ժամկետով հետաձգել հայտարարության նախագծի առաջարկությունը, քանի որ իրապես միջպետական պայմանագրերի հետ հակասություններ կան և նաև իրավական առումով որոշակի ճշգրտումների կարիք կա: Սակայն եթե Զարուհի Փոստանջյանը չհամաձայնի, ապա ԲՀԿ խմբակցությունը կքվեարկի կողմ:

 

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն ասաց. «Հայաստանի քաղաքացիները վերջին տարիներին Ռուսաստանի կողմից օրեցօր ավելի հաճախակի դարձած ոչ բնական և անօրեն որոշումների ականատեսն են դառնում՝ սկսած մեր թշնամի Ադրբեջանին 4 մլրդ զենքից ավելի վաճառելուց, վերջացրած Գյուրիում տեղի ունեցած ողբերգությամբ: Հետևաբար, մենք պետք է ընդունենք նման դատապարտող հայտարարություն: Մենք պետք է որպես պետական մարմին անդրադառնանք: Մենք հիմա պետություն ունենք, և լռել չի կարելի: Փաստացի ես հասկանում եմ, որ ՀՀ իշխանությունները մինչ այս պահը լռել են. չկա որևէ պահանջ պետական մարմնի կողմից՝ ուղղված ՌԴ իշխանություններին: Այս պահին Պերմյակովն ապօրինի գտնվում է 102-րդ ռազմաբազայում»:

 

Էդուարդ Շարմազանովն անջատեց Փոստանջյանի խոսափողը՝ պատճառաբանելով, որ նրա ժամանակն ավարտվել է:

 

ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանն էլ նշեց, որ հանձնաժողովի քննարկման ժամանակ հարցին եղել է նաև ՕԵԿ-ի տեսակետը. «Մենք մեր խմբակցության տեսակետը ևս մեկ անգամ հայտնում ենք, որ մենք պաշտպանում ենք այս նախագիծը և տիկին Փոստանջյանին մենք էլ ենք կոչ անում հետաձգել՝ հայտարարությունների տեքստը ևս մեկ անգամ հետաձգելու համար: ԱԺ-ն չպետք է ձեռքերը ծալած նստի, և այս ողբերգական դեպքերը, որ տեղի ունեցան Գյումրիում, պետք է, որպես քաղաքական մարմին, իր դիրքորոշումը հայտարարության տեսքով արտահայտի, այդ թվում՝ դատապարտի այս երևույթը»,- նշեց Մարգարյանը՝ առաջարկելով հետաձգել քննարկումը, քանի որ որևէ մեկը դեմ չի արտահայտվել. «Մենք կողմ ենք քննարկել, հիմա էլ կողմ ենք, իսկ Հանրապետական խմբակցությունը ձեռնպահ մնաց:

 

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն ընդգծեց, որ հայտարարության նախագիծն իրավական տեսանկյունից թերի է, սակայն նշեց, որ իրենք, այնուամենայնիվ, կողմ կքվեարկեն. «Այս հարցը պետք է լայն կոնտեքստի մեջ քննարկվի»:

 

ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանը նշեց. «Տեղի է ունեցել սարսափելի ոճրագործություն, այս պահին հարցը միայն այն մասին է, որ մտնի օրակարգ և քննարկվի: Ես չեմ կարողանում պատկերացնել այն, որ Ազգային ժողովը հրաժարվի քննարկելուց: Ավելին՝ նկատում եմ երկչոտություն, եթե չասեմ վախկոտություն Գործադիրի մոտ ՌԴ համապատասխան մարմինների նկատմամբ: Եկեք մեր քվեարկությամբ համարձակություն տանք Գործադիրին և պահանջենք, որ գոյություն ունի հայ ժողովուրդ, գոյություն ունեն մեր պետական շահերը և հենց դրա համար էլ գոյություն ունի Ազգային ժողովը:

 

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանն էլ հայտնեց, որ «Ժառանգությունը» կողմ է քվեարկելու հայտարարության նախագիծը խորհրդարանի օրակարգում ընդգրկելու մասին հարցին: Նա նկատեց, որ դա այն հարցն է, որտեղ Ազգային ժողովը միասին քվեարկությամբ ընդունի օրակարգ և հույս հայտնեց, որ շահագրգիռ քննարկումների դեպքում կարող են նախագիծը որպես հայտարարություն ԱԺ-ի կողմից ընդունել:

 

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանն էլ ընդգծեց, որ տեքսի հետ կան տարընթերցումներ: «Սա քաղաքական ուղերձ, է: Սրանով մենք մեր ռուասաստանցի գործընկերներին ուղերձ ենք հղում, որ սա շատ մեծ հնչեղություն ունի ՀՀ-ում և ԱԺ-ն չի կարող նմասն մնալ այդ քննարկումներին: Ձեր մեծամասնության ընտրած նախագահ Սերժ Սարգսյանը վերջերս խոսում էր զենքի մատակարարման անընդունելիության մասին, թե ինչ է զգում հայ զինվորը, երբ իր վրա կրակում են ռուսաստանյան զենքով, մենք էլ կարող ենք մեր պատգամը հղել, թե ինչ է զգում հայ քաղաքացին, երբ ռուս զինվորը մտնում և գնդակահարում է իրեն»:

 

Էդուարդ Շարմազանովն էլ՝ ի պատասխան նկատեց. «Մեծամասնության ընտրածը չի, հայ ժողովրդի մեծամասնության ընտրածն նախագահն է»:

 

Խաչատուր Քոքոբելյանն էլ նշեց, որ նախագիծն ԱԺ մտնելու-չմտնելու հարցը քննարկելը նույնիսկ անհարմար է: «Քաղաքական մեծամասնությունը նույնպես, կարծում եմ, գտնում է, որ սա օր առաջ անհրաժեշտ է, որ բարձր մակարդակով հնչեցվի»: Նա հորդորեց, որ միասնական հանդես գան, որովհետև տարանջատումը, նույնիսկ քննարկումը, վտանգավոր է:

 

ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը նույնպես հայտարարեց կողմ քվեարկելու մասին:

 

ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հայտարարեց, որ ՀՀԿ-ն չի մասնակցելու քվեարկությանը, քանի որ հարցը գտնվում է բացառապես իրավական տիրույթում, և իրենք չեն ցանկանում միջամտել իրավապահ մարմինների աշխատանքին: