ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների կոմիտեի անդամներ Ռոբերտ Մենենդեսը և Բարբարա Բոքսերը Ջոն Քերրիին ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում նշանակման լսումների ժամանակ ամերիկահայերին հուզող խնդիրների վերաբերյալ մի շարք հարցեր են ուղղել, տեղակցնում է «Asbarez»-ը' վկայակոչելով Ամերիկայի հայ ազգային կոմիտեին/ ANCA/:

«Սենատոր Ջոն Քերրիի պատասխանները ցավոք արտացոլում են նախագահ Օբամայի սեփական նահանջը, ով նույնպես խոստացել էր ճանաչել Հայոց ցեղասպանությունը, սակայն Անկարայի ճնշման տակ հրաժարվեց իր նախընտրական խոստումներից»,-ասել է ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:

Պատասխանելով Հայոց ցեղասպանության մասին հարցին, Ջոն Քերրին ասել է. «ԱՄՆ պետդեպարտամենտը հստակ ընդունում է պատմական փաստը եւ ցավում է, որ 1.5 միլիոն հայեր են սպանվել Օսմանյան կայսրության վերջին օրերին: ԱՄՆ նախագահն ամեն տարի ապրիլի 24-ին հարգում է այդ զոհերի հիշատակը»,-նշել է նա:

Քերրին նաև հայտարարել է, որ «ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում հաստատվելու դեպքում իմ պարտականությունը կլինի հավատարմորեն ներկայացնել նախագահի և վարչակազմի քաղաքականությունը»:

Նա նաև ասել է, որ «պաշտոնում հաստատվելու դեպքում կշարունակի աջակցել Հայաստանի և Թուրքիայի միջև երկկողմ հարաբերությունների կարգավորմանը»: Ըստ նրա՝ Միացյալ Նահանգները ամենաբարձր մակարդակով քաջալերում է Թուրքիային' վերականգնելու դիվանագիտական հարաբերությունները երկու երկրների միջեւ, բացել սահմանը:

Ի պատասխան Թուրքիայի կողմից Հայաստանի շրջափակումը վերացնելու եւ հայ-թուրքական արձանագրությունների հետ կապված Թուրքիայի միջազգային պարտավորությունների կատարման ուղղությամբ քայլերը նախանշելու մասին հարցին, Քերրին ասել է, որ երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորումը շարունակում է մնալ այդ երկների հետ տարվող բանակցությունների կարևոր առանձնահատկություն: «Քլինթոնը և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ հետեւողականորեն բարձրացնել են արձանագրությունների հարցը Թուրքիայի ղեկավարության առջև, և ես էլ երաշխավորում եմ, որ իմ պաշտոնավարման ընթացքում Պետդեպարտամենտը կշարունակի այդ քաղաքականությունը»,-ասել է նա: