Ներկա դրությամբ' հանրապետությունում չկան ցրտահարության դեպքեր, իսկ եղանակային կանխատեսումներն էլ բարենպաստ պայմանների հույս են ներշնչում: Այս մասին Արագածոտնի մարզի գյուղատնտեսների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը:
«Արարատյան դաշտում ծիրանենիները հիմնականում ծաղկել են, իսկ եղանակային պայմանների հետ կապված վտանգ ներկայումս չկա: Օդերևութաբանական կանխատեսումներով էլ' ամեն ինչ բարեհաջող կլինի»,- հայտնեց նա:
Խոսելով հնարավոր սակավաջրության մասին' նախարարն ընդգծեց, որ եղանակային պայմաններն ու վերջին շրջանում գրանցված տեղումները, հնրավոր է, դրական ազդեցություն ունենան ջրի ծավալների վրա: «Մեկ ամիս առաջ մտահոգություն ունեինք եղանակային պայմանների հետ կապված, սակայն լեռնային շրջաններում բավականին տեղումներ եղան: Սակավաջրության խնդիրը, որ մտահոգությունների տեղիք էր տալիս, այս տարի փոքր-ինչ փարատվում է»,- հավելեց նա: Նախարարը նշեց, որ եղանակային կանխատեսումներով' մոտակա ամիսը լինելու է նորմայից ավելի տեղումնառատ: