Էբոլա վիրուսը փոքր երեխաների համար ավելի վտանգավոր է, քան մեծահասակների: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ասված է New England Journal of Medicine հանդեսում հրապարակված հետազոտության մեջ:
Գիտնականները պարզել են, որ մահացել է մեկից ոչ բարձր տարիքի այն երեխաների 90 տոկոսը, որոնց մոտ Էբոլայի հաստատված ախտորոշում կամ կասկածներ են եղել: Մինչդեռ մեծահասակների շրջանում մահացությունը կազմել է 65 տոկոս:
Ընդհանուր առմամբ երեխաները պակաս են ենթարկված Էբոլա տենդով հիվանդանալու ռիսկին, սակայն գիտնականները նշում են այդ առանձնահատկություններն արագորեն ուսումնասիրելու եւ պատվաստանյութի մշակման գործում դրանք հաշվի առնելու անհրաժեշտության մասին:
Ինչպես հաղորդել է ԱՀԿ-ի Ժնեւի կենտրոնակայանը, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը եւ Գվինեայի կառավարությունը Էբոլայի դեմ պատվաստանյութի փորձարկումներ են սկսել Ստորին Գվինեայի մարզի Կոյա պրեֆեկտուրայում՝ այն շրջանում, որտեղ վտանգավոր հիվանդության առավել մեծ թվով դեպքեր են գրանցվել: Խոսքը վերաբերում է Կանադայում մշակված VSV-EBOV պատվաստանյութի «արդյունավետության նախնական փորձարկումներին»:
«Գվինեայում կլինիկական փորձարկումների շրջանակներում պատվաստումներ սկսելն առավել կարեւոր ուղենիշներից մեկն է, որոնց մենք հասել ենք Էբոլայից պաշտպանություն գտնելու գործում»,- հայտարարել է Գվինեայում ԱՀԿ-ի ներկայացուցիչ Ժան Մարի Դանգուն:
Ինչպես նշել է ԱՀԿ-ն, փորձարկումներին մասնակցելու են միայն չափահասներ, քանի որ փորձագետների տվյալներով, նրանք առավել մեծ չափով են ենթակա հիվանդանալու ռիսկին: Բացառություն կկազմեն հղի կանայք: Վեց-ութ շաբաթվա ընթացքում նախատեսվում է այդ ծրագրում ընդգրկել մոտավորապես 10 հազար մարդու:
Ընդամենը Գվինեայում, Լիբերիայում եւ Սիեռա-Լեոնեում Էբոլա տենդի համաճարակի սկսվելուց հետո մահացել է շուրջ 10,3 հազար մարդ, վարակվել են մոտավորապես 25 հազար բնակիչներ: