Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի դատավարությունը տեղի կունենա ՀՀ տարածքում:

 

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին մարտի 29-ին Գյումրիում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՌԴ Պետդումայի ԱՊՀ, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին:

 

 

Լեոնիդ Սլուցկին փաստեց, որ գործընթացի շուրջ արդեն իրականացվել է 4 հազար հարցաքննություն, ավելի քան 19 տարաբնույթ փորձաքննություն: Լրագրողի հարցադրմանը, որ իրենք «տեղեկատվական բլոկադայի» մեջ են գործի քննության առումով, Սլուցկին պատասխանեց, որ դա այդպես չէ:

 

 

«Մենք բոլորս ցավակցում ենք: Այս ողբերգությունը բոլորիս հիշողության մեջ կմնա ինչպես իրադարձություն, որը մենք մինչև վերջ չենք կարող գիտակցել: Սա ցավ է, որի համար սգում և ցավակցում ենք: Դեպքի առաջին իսկ օրվանից մեր նախաձեռնությամբ ստեղծվեց համատեղ միջպառլամենտական աշխատանքային խումբ, որը հետևում է գործընթացին: Հասկանալի է' առաջի օրերի ընթացքում, ելնելով գործի նախաքննական ընթացքից, տեղեկատվությունն ավելի փակ էր, բայց ահռելի գործ է կատարվել այս ընթացքում»,- ասաց նա:

 

 

Խորհրդարանականը շեշտեց' ՌԴ քննչական մարմինները, համագործակցելով ՀՀ քննչական մարմինների հետ, շատ մեծ գործ են կատարել Կա մեծ առաջընթաց:

 

 

«Ես իրավունք չունեմ բարձաձայնել քննության մանրամասները, բայց հայկական կողմի խնդրանքով զինվորական դատավարությունը լինելու է Հայաստանի տարածքում՝ Գյումրիում, իսկ դատավճիռն էլ կլինի համազոր»,-նշեց Լեոնիդ Սլուցկին՝ վստահեցնելով, որ հետագայում էլ քննչական գործընթացը կլինի ռուսական կողմի վերահսկողության տակ:

 

 

«Այս քննությունը մեր բոլորի պատվի հարցն է: Ոչ միայն քաղաքական գործիչների, այլ նաև ցանկացած ռուս քաղաքացու, քանի որ հայ ազգը մեզ համար եղբայրական ազգ է: Այսօր մեզ շատ բան է միացնում: Հարուցված է 4 քրեական գործ, որից գլխավորը' 2 և ավելի մարդկանց սպանության հատկանիշներով: Կարծում եմ այն մանրամասները, որոնք մինչ այս դեռ բացահայտված չեն, կբացահայտվեն առաջիկայում: Կրկնում եմ' դատը կլինի Հայաստանի Հանրապետության տարածքում և բաց՝ հասարակության համար: Մոտ ժամանկներում կրկին կլինենք Գյումրիում և կխոսենք այս գործի ընթացքի մասին»,-նշեց Լեոնիդ Սլուցկին:

 

 

Ռուսաստանի Դաշնության Պետդումայի պատվիրակությունը այս օրերին Հայաստանում է ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի եւ ՌԴ Պետդումայի ԱՊՀ , եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի հարցերով հանձնաժողովի երրորդ համատեղ նիստին մասնակցելու նպատակով: Պատգամավորները Գյումրիում հարգանքի տուրք մատուցեցին Գյումրիում հունվարի 12-ին զոհված Ավետիսյանների ընտանիքի անդամների հիշատակին: