Վերջին տասնամյակում Գերմանիայում իրականացված հետազոտական աշխատանքները վկայում են, որ այդ երկրի արխիվներում կան բազմաթիվ վկայություններ, փաստեր, որոնք վերաբերում են Հայոց ցեղասպանությանը եւ նրան, որ Գերմանիայի այդ ժամանակվա կառավարությունը տեղյակ է եղել, թե ինչ ծրագիր է իրականացնում Օսմանյան կայսրությունը:
ԵՊՀ հայոց պատմության ամբիոնի պրոֆեսոր, Հայոց ցեղասպանության վերաբերյալ գերմանական արխիվներն ուսումնասիրող Աշոտ Հայրունին շեշտում է, որ վերջերս Գերմանիայում մասնակցել է եռօրյա կոնֆերանսի եւ ներկայացրել «Գերմանական կայսրությունը և Հայոց ցեղասպանությունը» թեմայով զեկուցում, որի նյութերը վերցված են գերմանական արխիվներից: «Քննարկմանը մասնակից թուրք եւ գերմանացի պատմաբանները, քաղաքագետները որեւէ դիտարկում չհայտնեցին: Իրականում գերմանական արխիվները բավական հարուստ են:
Դրանք փաստում են, որ Գերմանիան տեղյակ է եղել, թե ինչ է կատարվում Օսմանյան կայսրությունում, սակայն այդ ժամանակ նրա դիրքորոշումն այն էր, որ, անկախ հանգամանքից եւ կատարվածից, կարեւորը պատերազմում իրենց հաղթանակ տանելն էր: Կան վկայություններ, որոնցում նշվում է, թե Օսմանյան կայսրությունում սպասում էին, որ Գերմանիան, իմանալով իրականացվելիք ցեղասպանության մասին, կամ կխզի հարաբերությունները դաշինքի հետ, կամ կհակադարձի: Անգամ կան գերմանացի դեսպանի վկայությունները, որտեղ նշվում է, որ Էնվեր Փաշան թախանձագին խնդրում է Գերմանիային իրենց ձեռքը չբռնել»,- ասում է Հայրունին' հավելելով, որ Գերմանիան, տեղյակ լինելով, որեւէ կերպ չմիջամտեց եւ չկանխեց հայերի ցեղասպանությունը: Ինչ վերաբերում է Գերմանիայում անցկացվելիք հիշատակի միջոցառումներին' Հայրունին ասաց, որ Գերմանիայի տարբեր քաղաքներում նախատեսված են տարբեր միջոցառումներ ողջ տարվա ընթացքում:
«Կարևոր են այս միջոցառումները հասարակական կարծիք ձևավորելու համար, քանի որ հասարակական կարծիքը որոշակի ուղղորդիչ, թելադրիչ դեր ունի կառավարության համար»,- ասաց Հայրունին' հավելելով, որ ապրիլի 24-ին 300 գերմանացի մտավորականները կընթերցեն Մուսա լեռան 40 օրը վեպից դրվագներ: