Դժվար է պատկերացնել այն ժամանակները, երբ Սբ. Պետրոսի հրապարակը գոյություն չուներ: Բեռնինիի սյուների կանգնեցվելուց շատ ավելի վաղ, երբ Վատիկանի գմբեթը Հռոմի խորհրդանիշն էր, հավատացյալները շարունակում էին գնալ այդ մարզ և աղոթել Սբ. Պետրոսի ավերակների մոտ: Այդ հավատացյալների շարքում հազարավոր հայեր կային, ովքեր գնացին Հավերժական քաղաք՝ իրենց հարգանքի տուրքը մատուցելու: Փաստացիորեն, այնտեղ նույնիսկ հայ այցելուներին հյուրընկալելու տներ կային:

 

 

Իտալական Rome Reports հեռուստաընկերությունն անդրադարձել է պատմական այդ փաստին: Ռեպորտաժում ասվում է, որ թեև հայերի համար նախատեսված հյուրատունը փակվել է և դարերի ընթացքում անհետացել, սակայն հարյուրավոր տարիներ անց գտնվել է այդ հյուրատան գլխավոր խորհրդանիշը՝ հայկական խաչքարը:

 

 

Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության դեսպան Միքայել Մինասյանի խոսքով ՝ այդ տան մուտքի մոտ քահանան խաչքար է դրել: Դա ավանդական հայկական նախշերով խաչքար էր: Այն հայտնաբերվել է և 2014 թվականի սեպտեմբերին հանդիսավորությամբ բացվել Վատիկանի թանգարանների մշտական ցուցադրությունում` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ:

 

 

«Բացի հայերեն գրությունից՝ եղել է նաև լատիներեն արտահայտություն՝ «Այս խաչն օծվել է»»,- ռեպորտաժում պատմում է Միքայել Մինասյանը:

«Հայաստանն առաջինն է եղել, որ քրիստոնեությունն ընդունել է որպես պետական կրոն: Այդ պատճառով հաճախ հայ ժողովուրդը հալածանքների է ենթարկվել: Այնպես որ, այս խաչքարը ոչ թե պարզապես նվիրումի, այլ քրիստոնեության, պատմության, հավատքի և համառության խորհրդանիշ է»,- ասում է լրագրողն ու մեջբերում Միքայել Մինասյանի խոսքը.

 

 

«Խաչքարը տեղադրվել է մի վայրում, որտեղ հայերը կանգնում էին և աղոթում Սուրբ Պետրոսի շիրիմի առաջ: Այժմ այն վերադարձվել է Հռոմ՝ Վատիկանի թանգարաններից մեկը: Ապրիլի 12-ին հայերը կրկին կլինեն այստեղ՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու»,- ասում է նա:

1246 թվականի թվագրմամբ հայկական խաչքարն այսօր ցուցադրվում է Սիքստինյան Կապելայի մոտակայքում գտնվող «Ուրբան Յոթերորդ Պապ» ցուցասրահում: