«Մենք պատմությունից գիտենք, թե մեզ մեծագույն հարված հասցնողը ով է եղել, դա ռուսական իմպերիալիզմն է։ Ես կարծում եմ, որ ինձ վրա կրակողը հայ չի: Բոլոր պետությունները ունենում են այդպիսի ծառայություններ հատուկ նպատակների համար»։

Այս մասին հայտարարել է ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը լրագրողների հետ ճեպազրույցում։

«Լավ եմ, բժիշկների սպասածից ավելի լավ, տառապյալ չեմ երեւա: Կարծում եմ, որ զտիչները հանելուց հետո կարող եմ միանալ ձեզ: Խորհելու ժամանակ, իհարկե, կար, ինձ համար ակնհայտ էր, որ սա անողները իմ դեմ չեն արել, այլ արել են մեր ժողովրդի, մեր պետության դեմ: Տվյալ փուլում նրանք մի վերջնական նպատակ են հետապնդում՝ խախտել մեր ժողովրդի, մեր պետության ընթացքը: Մենք պատմությունից գիտենք, թե մեզ մեծագույն հարված հասցնողը ով է եղել, դա ռուսական իմպերիալիզմն է: Մենք ունենք ռուս բարեկամներ եւ մենք պետք է նոր հարթություն տեղափոխենք մեր հարաբերությունները: Եթե մարդիկ բարեկամի անվան տակ փորձում են իրենց նպատակներն իրականացնել, բայց եկեք չմոռանանք, որ Արցախի հարցը մեզ պարտադրել է ռուսական իմպերիալիզմը: Նրանք մտածում են, որ Հայաստանը երբեք չպետք է հզորանա, որովհետեւ եթե հզորանա, ապա այդ տարածքներից իրենց ոտքը պետք է քաշեն: Իսկ ես այդպես չեմ կարծում: Հզոր Հայաստանն էլ կարող է ընդհանուր արժեքներ ունենալ եւ կարողանալ միասին աշխատել, բայց այդ արժեքը չպետք է լինի Ռուսաստանի իմպերիալիստական ուժերի շահերը: Ինձ համար հստակ է, որ այդ այլանդակը ոչ մի բան չխոսեց, նա որեւէ բան կասեր՝ արա, կամ մի բան, բայց ոչ մի բան չասաց: Ես կարծում եմ, որ նա հայ չէր: Բոլոր պետությունները ունենում են այդպիսի ծառայություններ հատուկ նպատակների համար: Բոլորիդ շնորհակալություն եմ հայտնում ինձ ցուցաբերած աջակցության համար, բայց խնդրում եմ հիշեք միշտ, սա ինձ չի վերաբերում, կրակել են ձեզանից յուրաքանչյուրի վրա: Իսկ նրանք, ովքեր ասում են, թե դա իրականում կրակոց չէր, այլ վախեցնելու փորձ, ընդամենը նրանց մի բան կասեմ՝ թող երբեք իրենց ոչ ոք այդպես չվախեցնի: Նրանք եկել էին սպանելու ինձ եւ ձեր ինքնորոշման իրավունքը, իսկ ինքնորոշումից վեր ոչինչ չկա: Ուզում էին զրկել ինքնորոշման հնարավորությունից»,- ասել է Պարույր Հայրիկյանը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Տպագրիչների 9 հասցում հունվարի 31-ին, ժամը 23.30-ին նախագահի թեկնածու, ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձ էր կատարվել' իր տան դիմաց: Պարույր Հայրիկյանին տեղափոխել էին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որտեղ նրան հաջողությամբ վիրահատել են: Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի դեպքի առթիվհարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ 34-305 հոդվածի հատկանիշներով: Այդ հոդվածներով սահմանվում է պետական, քաղաքական կամ հասարակական գործչի սպանության հանցափորձը, որը կատարվել է նրա՝ նշված գործունեությունը դադարեցնելու նպատակով: Այն պատժվում է ազատազրկմամբ' 12-20 տարի ժամկետով, կամ ցմահ ազատազրկմամբ: Նախաքննությունը վարում է Ազգային անվտանգության ծառայությունը, ստեղծվել է ոստիկանության եւ ազգային անվտանգության ծառայության համատեղ օպերատիվ քննչական խումբ:

Լուսանկարը՝ ԱրսենՍարգսյանի/NEWS.am