Մահապատժի կիրառման ցուցանիշով 2014 թվականին աշխարհի առաջատարներ են դարձել Չինաստանը, Իրանը, Սաուդյան Արաբիան եւ ԱՄՆ-ը: Ընդսմին ՉԺՀ-ի իշխանություններն ավելի շատ դատապարտյալների են մահապատժի ենթարկում, քան աշխարհի մնացած բոլոր երկրները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ասված է Amnesty International իրավապաշտպան կազմակերպության տարեկան զեկույցում:
«Առնվազն 607 մարդ է 2014 թվականին մահապատժի ենթարկվել 22 երկրում: 2013 թվականի համեմատությամբ մահապատիժների թվաքանակի նվազում է դիտվում գրեթե 22 տոկոսով: Այն ժամանակ Amnesty International-ն առնվազն 778 մահապատիժ էր արձանագրել 22 երկրում»,- ասված է զեկույցում:
Դրա հետ մեկտեղ մահապատիժ կիրառող երկրների թիվը 1995 թվականի 41-ից 2014 եւ 2013 թվականներին նվազել է մինչեւ 22: Աշխարհի 140 երկիր՝ ընդհանուր թվի գրեթե երկու երրորդն, արգելել է մահապատիժը կամ մահվան դատավճիռներ չի ընդունում: Անցած տարվա ընթացքում ներում շնորհելու կամ մահավճիռը պատժի այլ տեսակով փոխարինելու որոշումներ են ընդունվել 112 մարդու նկատմամբ աշխարհի 28 երկրում:
«Մահապատժի կիրառման ցուցանիշով առաջատարներ են դարձել Չինաստանը, Իրանը, Սաուդյան Արաբիան եւ ԱՄՆ-ը: Ընդսմին Չինաստանն ավելի շատ մարդկանց է մահապատժի ենթարկում, քան աշխարհի մնացած երկրները: Սակայն Չինաստանում մահապատիժների թվաքանակի վերաբերյալ ճշգրիտ տվյալները հայտնի չեն, եւ 607 մահապատժի ենթարկվածների ընդհանուր թիվը չի ներառում նրանց, ում մահապատժի են ենթարկել Չինաստանում»,- նշում են զեկույցի հեղինակները:
Դրա հետ մեկտեղ, ինչպես նշում Է ՌԻԱ Նովոստին, մահապատիժների թվաքանակի կտրուկ աճ՝ (մոտավորապես 28 տոկոսով) է տեղի ունեցել Նիգերիայում եւ Եգիպտոսում: