ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը մարտի 31-ին այցելել է Արփա-Սևան թունել, որտեղ ծանոթացել է իրականացվող վերականգնողական շինարարական աշխատանքների ընթացքին: Շինարարական աշխատանքներն իրականացվում են շուրջօրյա հերթափոխներով՝ տարեկան 7 ամիս տևողությամբ (սեպտեմբերի 1-ից մինչև ապրիլի 1-ը), իսկ գարնանային հեղեղումների ժամանակ՝ ապրիլի 1-ից մինչև սեպտեմբերի 1-ն ընկած ժամանակաշրջանում, այդ աշխատանքները դադարեցվում են, և, ընդունված կարգի համաձայն, թունելով ջուրը տեղափոխվում է դեպի Սևանա լիճ:

 

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ գյուղատնտեսության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, դրական գնահատելով իրականացված աշխատանքները' նախարարը միաժամանակ նշել է, որ թունելի հետագա շահագործումն ապահովելու համար անհրաժեշտ են նոր ծրագրեր, որոնք հնարավորություն կտան, որպեսզի Արփա-Սևան թունելն աշխատի իր հզորությունների ողջ ծավալով: «Այս տարվա համար նախատեսված ընթացիկ վերանորոգման աշխատանքներն ավարտվել են, ուստի մենք կարող ենք ապրիլի 5-ից ա րդեն Սևանա լիճ ջուր բաց թողնել»,- նշել է Սերգո Կարապետյանը:

2010-2014թթ. ընթացքում Արփա-Սևան թունելով դեպի Սևանա լիճ է տեղափոխվել 545,5 մլն մ³ ջուր: