Ստամբուլի անվտանգության վարչության շենքի վրա երկու անհայտ անձի զինված հարձակման հետևանքով կրկին զոհեր են գրանցվել:

 

Ինչպես հաղորդումէ «Արմենպրես»-ը' վկայակոչելով թուրքական Demokrathaber.net-ը, ոստիկանության և զինված անձանց միջև կրակահերթի հետևանքով հարձակվողներից մեկը սպանվել է, իսկ մեկ ոստիկան' վիրավորվել: Սպանված հարձակվողը կին-մահապարտ է եղել, ում վրա ամրացված պայթուցիկները հատուկ ջոկատայինների կողմից չեզոքացվել են:

 

Նշվում է, որ ահաբեկիչներից մեկը, ով վիրավոր է եղել, ձերբակալվել է: Հարձակման դրդապատճառների մասին որևէ տեղեկատվություն չի հաղորդվում:

 

Կատարվածը վերջին երկու օրվա ընթացքում Ստամբուլում գրանցված երրորդ ահաբեկչական դեպքն էր: Նույն օրը Ստամբուլի Քարթալ արվարձանում զինված հարձակում է տեղի ունեցել Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության (AKP) շտաբի գրասենյակի վրա: Երկու զինված անձ ներխուժել են AKP-ի շտաբ, բոլոր աշխատակիցներին ստիպել դուրս գալ շենքից, հետո բարձրացել 7-հարկանի շենքի վերջին հարկ, ջարդել լուսամուտներից մեկը եւ կախել են թրի պատկերով թուրքական դրոշ: Ոստիկանությանը հաջողվել է վնասազերծել հանցագործներին:

 

Դրա նախորդ օրը թուրքական ձախ արմատական խմբավորումը դատախազության 6-րդ հարկի իր առանձնասենյակում պատանդ էր վերցրել 2013 թվականին Ստամբուլում փողոցային բողոքի ակցիաներում 15-ամյա անչափահաս Բերքին Էլվանի զոհվելու աղմկահարույց գործը քննած դատախազ Մեհմեթ Սելիմ Քիրազին: Միջադեպին միջամտել էին Թուրքիայի հատուկ ծառայությունները, ինչի արդյունքում գլխից վիրավորված դատախազը հիվանդանոցում մահացել է: