Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր Էդմոն Մարուքյանը կառավարությանն առաջարկել է «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարել և ՀՀ-ում հեռուստատեսության անալոգային հեռարձակումից թվայինի անցման ժամկետը հետաձգել մինչև 2017 թվականը:

 

ՀՀ կառավարության նիստում ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը նշեց, որ առաջարկն, ընդհանուր առմամբ, ընդունելի է, սակայն ժամկետի հստակ սահմանումը քննարկման առարկա է հանդիսանում: «Թվայնացմամբ կազատականացվեն որոշակի քանակությամբ հաճախականային տիրույթներ, որոնց հատկացման հետևանքով ՀՀ պետբյուջե կապահովվեն զգալի ֆինանսական մուտքեր, նշված ժամկետում անալոգային ցանցի գործունեության ապահովման համար ծախ­սերը գրեթե կկրկնապատկվեն՝ հաշվի առնելով անալոգային ցանցի պահ­պան­ման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցները»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Բեգլարյանը:

 

Միաժամանակ, նա նշեց, որ ներկայացված փոփոխությունները չեն ներառում կարգավորման ենթակա հարաբերություններն ամբողջությամբ: Անալոգային հեռարձակումից թվային հեռարձակման անցման հետ կապված կան բազմաթիվ հարցեր, որոնց կարգավորումը նույնպես պահանջում է օրենսդրական փոփոխություններ և լրացումներ. մասնավորապես, իրավաբանական անձանց կողմից թվային հեռարձակման մասնավոր ցանց ստեղծելու համար մուլտիպլեքսների լիցենզավորման կարգն ու պայմանները, ռադիոյի թվային հեռարձակումն ապահովելու նպատակով ռադիոհեռարձակողների լիցենզավորման կարգն ու պայմանները:

 

Ոլորտի ամբողջական կարգավորման անհրաժեշտությունից ելնելով' ՀՀ ՍԿ նախարարությունը մշակում է «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ և ներկայացված օրենքի նախագծի հեղինակին առաջարկում է մասնակցել վերոհիշյալ նախագծի մշակման աշխատանքներին: Կառավարությունը նախագծի հեղինակին հրավիրում է մասնակցելու վերը նշված փոփոխությունների քննարկմանը: