Մեքսիկայում ՀՀ դեսպանության և Մեխիկոյի ամենամյա «Պատմական կենտրոնի» փառատոնի նախաձեռնությամբ Մեխիկոյի Գեղարվեստների պալատում մարտի 31-ին կայացել է մեծանուն հայ կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված «Ռեքվիեմ»-ի ամերիկյան բեմելը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտգործնախարարությա ն մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, համերգին ներկա են եղել մաեստրո Տիգրան Մանսուրյանը, Մեքսիկայում ՀՀ դեսպան Գրիգոր Հովհաննիսյանը, դեսպաններ, հասարակական-քաղաքական գործիչներ, դիվանագետներ, լրագրողներ:
Մեխիկոյի ամենամյա «Պատմական կենտրոնի» փառատոնի շրջանակներում մեծանուն կոմպոզիտորի ստեղծագործությունը կատարվել է երկրի գլխավոր՝ «Միներիա» նվագախմբի և «Վոկալիս» երգչախմբի կողմից՝ Հայաստանից հատուկ հրավիրված դիրիժոր Ռոբերտ Մլքեյանի ղեկավարությամբ:
Երեկոյի առաջին մասում ելույթ է ունեցել նաև աշխարհահռչակ հայազգի ալտիստ Քիմ Քաշքաշյանը՝ Կոմիտասի և Բրիթթենի կատարումներով: Համերգն արժանացել է հանդիսատեսի ջերմ ընդունելությանը և լայնորեն լուսաբանվել մեքսիկական մամուլում: