Իրանի միջուկային ծրագրի շուրջ վերջնական համաձայնության դեպքում Հայաստանը ունի լավ հնարավորություն Իրանի հետ համագործակցությունը տարբեր ոլորտներում ընդլայնելու համար: Ապրիլի 4-ին լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց իրանագետ Ռուդիկ Դանիելյանը: «Մասնավորապես, ես կարող եմ նշել էներգետիկ ոլորտը: Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացումը նշանակում է համագործակցության վերականգնում Իրանի և Արևմուտքի միջև, իսկ դա իր հերթին ենթադրում է գազամուղների, նավթամուղների անցկացում, դրանց ճանապարհային քարտեզի գծում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց իրանագետը:
Նա ընդգծեց, որ, հաշվի առնելով տարածաշրջանային լարված իրավիճակը և այն խնդիրները, որ Իրանն ունի իր հարևան երկրների, մասնավորապես Թուրքիայի հետ, Հայաստանը կարող է աննախադեպ հնարավորություն ստանալ Իրանի էներգետիկ ռեսուրսների տարանցման երկիր դառնալու առումով: «Թե ինչ կլինի հետագայում, ցույց կտա ժամանակը, բայց որ Հայաստանն ունանելու է այս հնարավորությունը, դա փաստ է»,- շեշտեց իրանագետը:
Արաբագետ Արմեն Պետրոսյանն էլ այն կարծիքին է, որ եթե, այնուամենայնիվ, Իրանի միջուկային ծրագրի շուրջ վերջնական համաձայնությունը կայանա, որը կարող է լինել հունիս-հուլիսին, մինչև աշուն նավթի գների որոշակի աճ կգրանցվի: «Իսկ եթե դա տեղի ունենա, որոշակիորեն կակտիվանա Ռուսաստանի տնտեսությունը, ինչը դրական կանդրադառնա նաև Հայաստանի տնտեսության վրա, քանի որ Հայաստանի տնտեսությունն անմիջական կապ ունի Ռուսաստանի տնտեսության հետ»,- նշեց նա: