Ստամբուլի Բիլգի համալսարանում նախատեսված «Հայոց ցեղասպանություն. hասկացություններ և համեմատական հեռանկարներ» խորագրով համաժողովի իրականացման շուրջ խոսակցությունները շարունակվում են: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այն բանից հետո, ինչ լուրեր տարածվեց, որ Բիլգի համալսարանը չեղյալ է հայտարարել համաժողովը, համալսարանից շտապեցին հերքել այդ տեղեկատվությունը:

 

«Ակոս»-ի հաղորդմամբ, համալսարանի ռեկտորատից հաղորդել են, որ իրենց որևէ դիմում չի ներկայացվել համաժողով անցկացնելու վերաբերյալ, հետևաբար այն չեղյալ համարելու լուրերը չեն համապատասխանում իրականությանը:

 

Համաժողովի կազմակերպիչները, սակայն, «Ակոս»- հետ զրույցում նշել են, որ համալսարանից արված մեկնաբանությունը չի համապատասխանում իրականությանը: Նրանք ընդգծել են, որ մարտի 17-ին համապատասխան դիմումը ներկայացվել է գլխավոր քարտուղարությանը, ինչից հետո համաժողովի անցկացման մասին տեղեկատվությունը հրապարակվել է համալսարանի էջում, սակայն ավելի ուշ այնտեղից հեռացվել է:

 

Ստամբուլի Բիլգի համալսարանում նախատեսված համաժողովի կազմակերպիչները Թուրքիայի «Պատմության հիմնադրամը» և Կալիֆորնիայի համալսարանն (UCLA) էին: Ավելի վաղ հաղորդվում էր, որ Հայոց ցեղասպանությանը նվիրված համաժողովի մասնակիցների թվում են լինելու Նորման Նայմարքը, Ջեյ Ուինթերը, Դիրք Մոզեսը, Մ յուջ Գոչեկը, Քեթի Կարմայքլը, Կեյթ Ուաթենփոն և այլոք: