ՀՀ նախագահի թեկնածու, ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի դեմ իրականացված մահափորձի վերաբերյալ անցած երկու օրերի ընթացքում տարբեր գնահատականներ են հնչել: Խոսվում է տարբեր վարկածների մասին: Ըստ քաղաքագետ Արշավիր Գասպարյանի՝ պետք է դատապարտել տեղի ունեցածն ու մեծ ուշադրությամբ հետևել քննության ընթացքին: «Ուստի ոչ մի վարկած չպետք է բացառել, բոլոր վարկածներն իմ կարծիքով պետք է մանրազնին քննարկել՝ չբացառելով, ինչու չէ, նաև արտաքին վարկածը, և բնականաբար պետք է այն դատապարտվի, որովհետև դա ի վերջո, իրոք, կրակոց էր մեր երկրի անկախության դեմ»,-նշել է քաղաքագետը:

Մի բան, ըստ նրա, պարզ է' կան թաքնված ուժեր, որոնք նպատակ են հետապնդել ապակայունացնելու իրադրությունը մեր երկրում: «Իսկ հիմա մենք պետք է հասկանանք, թե ում էր ձեռնտու այդ ամենը՝ ներքի՞ն, թե՞ արտաքին ուժերին, դրանից հետո հետևություններ կանենք»: Արտառոց դեպքն, ըստ քաղաքագետի, խախտեց հանգիստ քարոզչության ընթացքը, դա այս տարվա նախագահական ընտրությունների հիմնական ինտրիգը դարձավ և սկսեց մեծացնել հասարակության ուշադրությունը ընտրական գործընթացի նկատմամբ:

«Ամեն դեպքում նոր մոտեցում էր պայքարի մեջ, և շատ գովելի էր, որ հանգիստ անցնում էր այդ պայքարը, թե քաղաքակիրթ ձևով, որ չէին վիրավորում մեկմեկու, և սա կարծես փորձ էր ապակայունացնելու իրավիճակը, բայց իմ կարծիքով սա էական ազդեցություն չի ունենա ընտրությունների վրա»: Արշավիր Գասպարյանը համամիտ չէ Պարույր Հայրիկյանի այն կարծիքին, թե իր դեմ իրականացված մահափորձը ռուսական հատուկ ծառայությունների ձեռքի գործն է եղել: «Բայց ինչո՞ւ ռուսական ծառայությունները պետք է անեին, չեմ կարծում, որ Ռուսաստանին հարկ լիներ նման քայլով ապակայունացնել իրավիճակը Հայաստանում, դա ճղճիմ քայլ է, դա իր ենթադրությունն է, այդ ամենի պատասխանը կարող են միայն տալ իրավապահ մարմինները»: