Թուրքիայի լրագրողների միությունը խստորեն քննադատել է երկրում Twitter և Facebook սոցիալական ցանցերի, ինչպես նաև Youtube տեսահոսթինգի հասանելիությունն արգելափակելու մասին կայացված որոշումը:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական Demokrathaber.net-ը:

 

Լրագրողների միության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ համացանցը հասարակության իրազեկվածության կարևորագույն միջոցներից է, հետևաբար համացանցի միջոցով տեղեկատվություն ստանալու իրավունքը պետք է պաշտպանվի խոսքի ազատության շրջանակում: «Ժողովրդավար հասարակություններում իշխանությունը պատասխանատու է ազատ մամուլ ապահովելու գործում: Ժողովրդավար պետությունում բոլոր տեղեկատվական հարթակները պետք է ազատորեն կարողանան գործել»,- ընդգծել են միության անդամները: Նրանք փաստել են, որ զոհված դատախազ Մեհմեթ Սելիմ Քիրազի պատանդառության լուսանկարներն արդեն տարածվել են ողջ աշխարհում, և այժմ համացանցի հասանելիության արգելափակումը որևէ օգուտ չի կարող բերել: Նրանք կայացրած որոշումը մեկնաբանել են որպես գրաքննություն:

 

Ապրիլի 6-ին հայտնի դարձավ, որ թուրքական դատախազությունը որոշում է կայացրել երկրի տարածքում արգելափակել Twitter և Facebook սոցիալական ցանցերի, ինչպես նաև YouTube տեսահոսթինգի հասանելիրությունը: Դատարանը որոշումը պայմանավորել է Ստամբուլի Չաղլայան արդարադատության պալատում դատախազ Մեհմեթ Սելիմի պատանդառության լուսանկարների տարածումը համացանացողվ կանխելու հիմնավորմամբ:

 

Թուրքական ձախ արմատական խմբավորումը ապրիլի 1-ին պատանդ էր վերցրել 2013 թվականին Ստամբուլում փողոցային բողոքի ակցիաներում 15-ամյա անչափահաս Բերքին Էլվանի զոհվելու աղմկահարույց գործը քննած դատախազ Մեհմեթ Սելիմ Քիրազին: Խմբավորման անդամների պահանջը մեկն էր՝ բացահայտել Էլվանին սպանած ոստիկանին և համապատասխան պատիժ նշանակել: Շուրջ 9 ժամ տևած պատանդառության ընթացքում ոստիկանության հետ բանակցությունները դրական արդյունք չէին տվել. թուրքական իրավապահ մարմինները իրականացրել էին հատուկ գործողություն, որի հետևանքով սպանվել էին ծայրահեղական խմբավորման ներկայացուցիչները, իսկ դատախազը երեք տեղից ստացած հրազենային վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց, որտեղ նրա կյանքը փրկել չէր հաջողվել: