Թուրքիայի ընդդիմադիր Հանրապետական ժողովրդական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն հրապարակել է հունիսին երկրում կայանալիք խորհրդարանական ընտրություններում իր կուսակցությունից առաջադրվելիք թեկնածուների ցուցակը:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով թուրքական Haberler.com-ը, ցուցակում Ստամբուլից ներկայացված պատգամավորների շարքում է թուրքահայ Սելինա Օզուզուն Դողանը:

 

Հայազգի թեկնածուն ծնվել է 1977 թվականին, ավարտել է Գալաթասարայի իրավաբանության ֆակուլտետը, բարձրագույն կրթությունը շարունակել է Ստամբուլի Բիլգի համալսարանում: Տիրապետում է թուրքերենին, հայերենին, մասամբ նաև ֆրանսերենին և անգլերենին:

 

Թուրքիայում խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան հունիսի 7-ին: Ընտրություններին մասնակցող մյուս կուսակցությունները, որոնք դեռևս չեն հրապարակել իրենց թեկնածուների ցուցակները, ևս նախատեսում են իրենց շարքերում ներառել հայ թեկնածուների: