Հնդկաստանի Ջայպուր քաղաքում թռիչքի պատրաստվող Air India ավիաընկերության ինքնաթիռում երկրորդ օդաչուն ծեծի է ենթարկել ինքնաթիռի կապիտանին: Դեպքը տեղի է ունեցել կիրակի երեկոյան, երբ Airbus A320 ինքնաթիռը պետք է թռչեր Դելի: Այս մասին գրել է Газета.Ru-ն:
The Times of India-ի աղբյուրների համաձայն` երկրորդ օդաչուն ծեծի է ենթարկել կապիտանին, մինչդեռ ավիաընկերության մամուլի խոսնակը պնդում է, որ անձնակազմի երկու անդամների միջև վիճաբանություն է ծագել և «ոչ ավելին»:
Ինչպես հայտնել է աղբյուրներից մեկը, անձնակազմի հրամանատարը հրամայել է երկրորդ օդաչուին հատուկ քարտի վրա նշել թռիչքի համար անհրաժեշտ տեղեկությունը, մասնավորապես` ինքնաթիռում օդաչուների թիվը, թռիչքային քաշը և վառելիքի մասին տվյալները: Այդ տվյալներն օդաչուները տեսնում են ողջ թռիչքի ընթացքում: Երկրորդ օդաչուն իբր նեղացել է և հարձակվել կապիտանի վրա:
Կանոնների համաձայն` անձնակազմի հրամանատարը պետք է հաղորդեր տեղի ունեցածի մասին, բայց դրա պատճառով չվերթը չեղյալ կհայտարարվեր, այդ իսկ պատճառով ավիաընկերության շահերից ելնելով՝ կապիտանը որոշել է շարունակել թռիչքը: Air India-ի ներկայացուցիչը նշել է, որ անձնակազմի հրամանատարը և երկրորդ օդաչուն հարթել են վեճը:
Թերթի աղբյուրները պնդում են, որ անցյալում ևս երկրորդ օդաչուն մասնակից է եղել նման ընդհարումների: