Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի' ընտանյոք հանդերձ անակնկալ այցը Սաուդյան Արաբիայի թագավորություն, որի մասին նախապես չի հաղորդվել եւ ներկայացվել է որպես պաշտոնական այց, միանշանակ չի գնահատվել Ադրբեջանում:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «Ազադլըգ» թերթը Ալիեւի Էր Ռիադ այցի մեջ երկու նպատակ է նկատում' տնտեսական եւ քաղաքական: Նշելով, որ Պարսից ծոցի պետությունների մասնակցությամբ Սաուդյան Արաբիան սունիական ռազմական դաշինք է ստեղծել Թեհրանի աջակցությամբ Եմենում շիա ապստամբ հուսիների նորաստեղծ կառավարությունը վերացնելու եւ այդ երկրում կրկին սունիական իշխանությունը վերակագնելու համար, որին աջակցում է նաեւ Թուրքիան, թերթը գրում է, որ Ալիեւը շտապել է միանալ այդ հակաիրանական դաշինքին: Ներկայում մարդու իրավունքների խախտումներով եւ մեծ թվով քաղբանտարկյալներով պայմանավորված' Արեւմուտքի հետ լարված հարաբերություններ ունեցող Ադրբեջանը փորձում է ԱՄՆ-ի հետ հարաբերությունները կարգավորել Սաուդյան Արաբիայի միջոցով:

 

Ալիեւի այցի հետ կապված սաուդարաբացի հետազոտող Մուհամեդ ալ Սալյամին «Ալ Արաբիա» հեռուստաալիքի հետ զրույցում մեկնաբանել է, որ Էր Ռիադի նպատակը, Իրանի հետ սահմանակից Կենտրոնական Ասիայի հանրապետությունների հետ տնտեսական, քաղաքական եւ մշակութային կապերը ամրապնդելու ճանապարհով, վերջիններիս հարկադրելն է վերանայել տարածաշրջանում Թեհրանի քաղաքական դիրքորոշման նկատմամբ ունեցած իրենց տեսակետը: Սաուդարաբացի փորձագետը ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ Ալիեւը Էր Ռիադ է այցելել Սաուդյան Արաբիայի համար չափազանց կարեւոր ա շխարհաքաղաքական գործընթացների ֆոնին, երբ ԱՄՆ-ի եւ Թեհրանի հարաբերությունները կարգավորվելու հետ կապված Մերձավոր Արեւելքում առաջատարի դերակատարություն ստանձնելու համար պայքար է ընթանում:

 

Չնայած այն բանին, որ Իրանը կարող է բավականին մեծ տնտեսական հետաքրքրություն ներկայացնել, պատմական տարաձայնությունների պատճառով Բաքուն չի վստահում Թեհրանին: Ադրբեջանը գիտի, որ ուժեղ Իրանն իր տնտեսական հզորությամբ կարող է կշեռքի նժարը Կասպից ծովում թեքել իր կողմը եւ չի ցանկանում, որ Թեհրանը գերիշխի տարածաշրջանում: Ներդրումային կապերի եւ մշակութային ժառանգության միջոցով Իրանն արդեն ամրապնդվել է Տաջիկստանում, եւ այդ փաստը Ադրբեջանին ստիպում է այս բարդ աշխարհաքաղաքական պահին շրջվել Թեհրանի հակառակորդի' Էր Ռիադի կողմը:

 

Ալիեւը Էր Ռիադում հանդիպել է Սաուդյան Արաբիայի ֆինանսների նախարար Իբրահիմ ալ Ասաֆի եւ նավթի ու բնական պաշարների նախարար Ալի ալ Նուայմի հետ, ինչը թերթին թույլ է տվել ենթադրել, որ մանաթի եւ նավթի հետ էժանացման առաջ կանգնած Բաքուն խնդրել է ներդրումներ կատարել Ադրբեջանում:

 

Արեւմուտքի եւ հարեւանների հետ հարաբերությունները փչացրած Ալիեւի Սաուդյան Արաբիա այցը թերթը հիմնավորում է նաեւ հետեւյալ հանգամանքով:

 

«Մոտ 30 տարի առաջ Իլհամ Ալիեւի հայրը' «ադրբեջանական ժողովրդի հայր» Հեյդար Ալիեւը Սաուդյան Արաբիան տեսնում էր որպես մոդել եւ գործընկեր ապագա ադրբեջանական պետության համար: Հարկ է նշել, որ Հեյդար Ալիեւը Սաուդյան Արաբիան եւ Պարսից ծովի այլ արաբական պետությունները դիտարկում էր ոչ միայն որպես ցեղային եւ կլանային քաղաքական համակարգերի հիման վրա կառավարման մոդել, այլ նաեւ որպես այլընտրանք Ռուսաստանին», -գրում է թերթը:

 

Արաբական ԶԼՄ-ները հայտնել են, որ Ալիեւը, որը Սաուդյան Արաբիա էր այցելել կնոջ, որդու, դստեր եւ փեսայի հետ, Էր Ռիադից մեկնել է ուխտագնացության Մեքքա: