Ֆրանսիան 2014 թվականին վերադարձրել է աշխարհի առաջին տուրիստական ուղղության տիտղոսը. մեկ տարվա ընթացքում երկիր են այցելել 83,7 մլն զբոսաշրջիկներ, ինչը 0,1 տոկոսով ավելի է, քան մեկ տարի առաջ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ապրիլի 8-ին հայտնել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Լորան Ֆաբիուսը:
Վիճակագրական տվյալների համաձայն՝ անցյալ տարի 1,7 տոկոսով նվազել է Ֆրանսիա այցելող եվրոպացի զբոսաշրջիկների թվաքանակը, բայց 16 տոկոսով ավելացել է Ասիայի երկրներից ժամանող զբոսաշրջիկների թիվը:
Մասնավորապես, Չինաստանից զբոսաշրջիկների թվաքանակն ավելացել է 61 տոկոսով: Դրա պատճառը, Ֆրանսիայի ԱԳ նախարարի կարծիքով, այցագրային ընթացակարգի պարզեցումն է. չինացի զբոսաշրջիկներն այժմ կարող են Ֆրանսիայում այցագիր ձեւակերպել 24 ժամվա ընթացքում:
Ինչպես նշում Է «Ինտերֆաքս»-ը, ընթացիկ տարվա առաջին երկու ամսվա ընթացքում նույնպես, անցյալ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատությամբ, Ասիայից ճանապարհորդների թվաքանակի աճ է արձանագրվել՝ Հնդկաստանից՝ 38 տոկոսով, Չինաստանից՝ 65 տոկոսով: