Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկին, տրամվայով խորհրդանշական ուղեւորություն կատարելով Կոնստանտինուվ-Լոձինսկի քաղաքում, ենթարկվել է ճանապարհատրանսպորտային պատահարի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ապրիլի 12-ի երեկոյան գրել է Wyborcza թերթը:

 

Հրատարակության տվյալներով՝ հանրապետության ղեկավարին փոխադրող ռետրո-տրամվայը փողոցներից մեկում դուրս է եկել ռելսերից: Ճշտվում է, որ տրամվայը շարժվում էր շատ դանդաղ, ուստի միջադեպի հետեւանքով ոչ ոք չի տուժել: Այդուամենայնիվ, Կոմորովսկին հարկադրված է եղել հետագա ճանապարհը շարունակել այլ փոխադրամիջոցով:

 

Պետության ղեկավարն ինքը հումորով է վերաբերվել տեղի ունեցածին: «Մեզանից ոմանք կարող էին ասել, որ դա որոշակիորեն սադրանք է»,- ասել է նա:

 

Ճանապարհատրանսպորտային պատահարի պատճառներն առայժմ հայտնի չեն, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: