Երևանում աղբահանության խնդրի լուծման նպատակով կատարված քայլերը քիչ են, որ հարցը փակված համարվի: Մասնագետներն ու փորձագետները կարծում են, որ մինչև օրս կատարված ծրագրերը տեղային բնույթ են կրել, իսկ գլոբալ լուծումներ դեռևս չեն առաջարկվում:
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հայաստանի Ամերիկյան համալսարանի բնապահպանական կենտրոնի տնօրեն Ալեն Ամիրխանյանը նկատեց, որ Հայաստանում խնդիրը ոչ թե աղբի արտադրության քանակի, այլ թափոնների կառավարման մեջ է:
«Հայաստանում չի արտադրվում ավելի աղբ, քան սահմանված է նորմերով: Եթե այլ երկրներում մեկ քաղաքացու հաշվով արտադրվում է օրական 800 գրամ աղբ, ապա մեզ մոտ այդ ցուցանիշը դեռ չի գերազանցվել: Խնդիրը թափոնների կառավարմանն է վերաբերում, իսկ այդտեղ կարևոր է ոչ միայն պետական մարմինների, այլև քաղաքացիների դերը: Մարդիկ սխալ մոտեցում ունեն այդ հարցի նկատմամբ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ' ասաց նա: Ամիրխանյանն օրինակ բերեց այն, որ քաղաքացիները կարող են հրաժարվել պլաստիկ տոպրակներից և օգտագործել թղթե տոպրակներ, սակայն այդպես չեն վարվում:
«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ նախագահ Ինգա Զարաֆյանն էլ նշեց, որ եթե տարիներ առաջ աղբահանության խնդիրը զգալի էր միայն Երևանում, ապա այժմ նույնիսկ գյուղերում կա այդ խնդիրը: «Օրինակ, Սևանում ունենք կուտակված պլաստիկ թափոնների մեծ քանակություն, խոսքն այնպիսի քանակության մասին է, որ լճում ոչ խեցգետին, ոչ ձուկ չի կարղ աճեցվել»,- ասաց նա: Զարաֆյանի խոսքով' աղբի կառավարում չի կարելի համարել այն, որ թափոնները լցվեն ինչ-որ տեղ և այդպես թողնվեն. դրանից հետագայում թունավոր գազեր են արտանետվում, ինչն ավելի վտան գավոր է:
Երևանի ավագանու «Բարև, Երևան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանի խոսքով' այս տարիներին դրական տեղաշարժ գրանցվել է, սակայն խոշոր հաշվով, դրական արդյունք արձանագրելու համար վաղ է: «Տեղական մակարդակով շատ հարցեր են լուծվել, սակայն որպեսզի հարցն ընդհանուր լուծում ստանա, առաջարկներ են պետք: Քաղաքապետարանում էլ այս մասին անընդհատ խոսվում է, սակայն լուծում դեռ չկա »,- ասաց նա: