ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ապրիլի 13-ին հանդիպել է Երևան ժամանած Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Անն Բրասերին:

 

 

Ողջունելով հյուրին' նախարար Նալբանդյանն ընդգծել է, որ Հայաստանը կարևորում է Եվրոպայի խորհրդի աշխատանքներում իր ակտիվ ներգրավվածությունը:

Երկուստեք կարևորվել է Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների կայացման և մարդու իրավունքների պաշտպանության բնագավառներում իրականացվող քայլերը:

 

 

Անդրադառնալով Եվրոպայի խորհրդի դերակատարությանը մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում' նախարար Նալբանդյանը նշել է, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության նախաձեռնած հայտարարությանը միացել են վեհաժողովի շուրջ 150 անդամներ:

 

 

Հյուրի խնդրանքով նախարար Նալբանդյանը ներկայացրել է Ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից գործադրվող ջանքերը: Այս համատեքստում նախարար Նալբանդյանն անդրադարձել է Ղարաբաղյան հիմնահարցի մասին զեկույց պատրաստելու ԵԽԽՎ որոշմանը ՝ շեշտելով, որ պետք է զերծ մնալ նոր զուգահեռ կառույցներ, ձևաչափեր կամ աշխատանքային խմբեր ստեղծելուց, որոնց աշխատանքը կարող է վնաս հասցնել եռանախագահների գործունեությանը:

 

 

Նախարարի խոսքերով՝ հարկավոր է զերծ մնալ այնպիսի քայլերից, որոնք կարող են վնաս հասցնել ընդհանրապես բանակցային գործընթացին։ «Սա վերաբերում է հատկապես այն կարգի զեկուցողներին, ում նկատմամբ կողմերից մեկը, տվյալ պարագայում' Ադրբեջանը, ամենաբարձր մակարդակով անվերջ շնորհակալություն է հայտնում՝ Բաքվի դիրքորոշմանը շարունակական աջակցության համար»,- ասել է Հայաստանի արտգործնախարարը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստան-Եվրոպայի խորհուրդ փոխգործակության հարցերի շուրջ: