ՀՀ նախագահի թեկնածու, ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի վրա կատարված մահափորձն, այնուամենայնիվ, կարող է փոխել ընտրությունների ընթացքը: Թեկնածուն երեկ հայտարարել էր, թե հարկադրաբար կօգտվի Սահմանադրության ընձեռած հնարավորությունից ու երկու շաբաթով կհետաձգի ընտրությունները, բայց չի օգտվի այն 40 օրով հետաձգելու հնարավորությունից: Սա տեխնիկական փոփոխություն է, որը կարող է բերել բովանդակային փոփոխության:

Մինչ այժմ ընտրությունների ընթացքը դիտարկող փորձագետները երկրորդ և երրորդ տեղերը նախատեսում էին Հրանտ Բագրատյանի և Րաֆֆի Հովհաննիսյանի համար: Պ. Հայրիկյանի համար հավանական էր համարվում չորրորդ տեղը: Այս մահափորձի արդյունքում հասարակական ուշադրությունը կենտրոնացավ նրա վրա: Դժվար թե մահափորձի արդյունքում նրա վարկանիշն այնքան բարձրանա, որ Սերժ Սարգսյանի հիմնական մրցակիցը դառնա, բայց այդ հանգամանքը կարելի է օգտագործել և ներկայացնել, թե այդ դեպքի շնորհիվ ոչ իշխանական ընտրազանգվածի մի մասը որոշեց ընտրել Պ. Հայրիկյանին: Իսկ ընտրարշավի ժամանակ մամուլում համապատասխան քարոզչություն կապահովվի, որ այդ տպավորությունը հնարավորինս ամրապնդվի: Եվ չի բացառվում, որ ընտրությունների արդյունքում երկրորդ պատվավոր տեղը տրվի Պ. Հայրիկյանին, վերջինս էլ շնորհավորի Ս. Սարգսյանի հաղթանակը: Չէ՞ որ Ս. Սարգսյանը երեկ այցելեց նրան, իսկ ՀՀԿ ողջ վերնախավն այս երկու օրերին գրեթե հերթապահում էր հիվանդանոցում: Իսկ այս հանգամանքն ու մահափորձը, բնականաբար, հարվածեցին Հ. Բագրատյանի և Ր. Հովհաննիսյանի հնարավորություններին: Ր. Հովհաննիսյանն, օրինակ, ակնհայտ մտահոգ վիճակում է: Նրա այն հայտարարությունը, թե սա մահափորձ էր ոչ միայն Պ. Հայրիկյանի, այլև իր դեմ, առավել քան իրական է: Չէ՞ որ մինչ այժմ իշխանական քարոզչամեքենան ու սոցիոլոգիան երկրորդ տեղը նրան էր նախատեսել: Մահափորձից հետո Ր. Հովհաննիսյանը հասկանում է, որ այն իր ձեռքից գնում է: Եվ չի բացառվում, որ իշխանությունները նրան դա խոստացած լինեն, բայց հետո «քցեն», ինչը և «Ժառանգության» ղեկավարը քաջ գիտակցում է: Ինչ վերաբերում է Հ. Բագրատյանին, ապա նա իշխանությունների համար երկրորդ տեղի ցանկալի մրցակից չէ, որովհետև մեծ հավակնություններ ունի:

Այս ամենն, իհարկե, չի նշանակում, թե Պ. Հայրիկյանի դեմ մահափորձը ձեռնտու էր իշխանություններին: Որևէ նախագահի հաճելի չէ, որ իր ընտրությունների հետ կապված արյունալի միջադեպեր գրանցվեն: Հատկապես Ս. Սարգսյանին, ում համար սա թեև մասշտաբով անհամեմատելի, բայց երկրորդ դեպքն է: 2008թ. ընտրությունների ժամանակ տեղի ունեցան մարտի 1-ի իրադարձությունները, իսկ այժմ՝ այս միջադեպը: Մինչդեռ հանրապետականները մեծ հույսեր ունեին, որ իրենց ղեկավարն այս անգամ սահուն ու խաղաղ պայմաններում կվերընտրվի:

Ուրեմն' ո՞ւմ էր պետք Պ. Հայրիկյանի մահափորձը:

Իմիջիայլոց, նշենք, որ Պ. Հայրիկյանին ամենայն հավանականությամբ չեն ցանկացել սպանել: Ցանկանալու դեպքում նա սպանված կլիներ: Միամիտ կլիներ մտածել, թե մարդասպանը 25 սմ հեռավորությունից չի կարողացել իր զոհին սպանել, իսկ զոհն էլ նրա դեմքն այդքան մոտիկից տեսել է, բայց չի հիշում: Մարդասպանն էլ դա հասկանալով՝ Հայրիկյանին թողնում է ողջ, հեռանում ու սպասում, որ մի օր իր զոհը կհիշի իր դեմքն ու կնկարագրի ոստիկաններին: Այս դեպքում հավանաբար ցանկացել են պարզապես վիրավորել, ինչը և ստացվել է: Հակառակ դեպքում նախընտրական շրջանում նման սիրողական մակարդակով մահափորձ չեն անի, որ գնդակը ընդամենը մտնի փափուկ հյուսվածքների մեջ և որևէ վտանգ չներկայացնի: Իսկ զոհն էլ վիրահատությունից հետո անընդհատ այցելուներ ընդունի և հարցազրույցներ տա:

Պարզապես թվարկենք երեկ մամուլում, սոցցանցերում, քաղաքական ու փորձագիտական շրջանակներում շրջանառվող հիմնական վարկածները: Վարկած մեկ՝ Հայրիկյանի մահափորձը կարող էր ձեռնտու լինել այն ուժերին, որոնք ցանկանում էին այս ընտրությունների խաղաղ ընթացքը սևացնել ու վերընտրվող նախագահի հաղթանակը կրկին հարամել: Հայրիկյանի մահափորձը կարող էր ձեռնտու լինել նույն Հայրիկյանին նախընտրական շրջանում հասարակական ուշադրությունն իր վրա կենտրոնացնելու համար: Այս մահափորձը կարող էր ձեռնտու լինել այն ներքին կամ արտաքին ուժերին, որոնք պարզապես ցանկանում էին հարված հասցնել Հայաստանի առանց այդ էլ ոչ բարվոք վարկանիշին:

Քիչ հավանական է, բայց չի բացառվում, որ այն ձեռնտու լիներ նաև իշխանություններին: Այս դեպքում արդեն հետաքրքիր կլիներ հասկանալ դրդապատճառը: Եվ վերջապես' Հայրիկյանն ինքը առաջ է քաշում ռուսական վարկածը, որը նույնպես հավանական է: Իհարկե, այդ միջադեպի արտաքին պատճառաբանությունն էլ հիմնական վարկածներից է, և բոլորովին չի բացառվում, որ Պ. Հայրիկյանը ռուսական տարբերակն ակնհայտ ցուցադրաբար առաջ քաշեց իշխանությունների հետ համաձայնության արդյունքում: Նաև չի բացառվում, որ ՌԴ-ին ձեռնտու լիներ ապակայունացնել և ոչ լեգիտիմ իրավիճակ ստեղծել այս ընտրությունների համար, թուլացնել վերընտրվող իշխանություններին, որոնք հետագայում չկարողանային դիմակայել իրենց ճնշումներին: Հիշեցնենք, որ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը ՌԴ-ից վերադարձավ 2008թ. մարտի 1-ի նախօրեին, ասուլիս հրավիրեց և ասաց, որ այլևս չեն կարող հանդուրժել ընդդիմության հանրահավաքները ու նույն գիշերը «մաքրեց» Ազատության հրապարակը:

Մի հետաքրքիր նկատառում ևս: ՀՀ քաղաքական ուժերի մեծամասնությունը Պ. Հայրիկյանի վրա կատարված մահափորձը համարեց սադրանք կամ հարված' ուղղված Հայաստանին, ՀՀ պետականությանը, հայ ժողովրդին ու վերջապես' իշխանություններին: Միայն «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամներն իրենց հայտարարությունների մեջ որևէ թիրախ չէին կարողանում գտնել, նրանք այդպես էլ չէին «հասկանում», թե ում դեմ էր կամ ինչ նպատակ էր հետապնդում այդ միջադեպը:

Ավելորդ չէ նաև հիշեցնել, որ վերջին երկու ընտրությունները Հանրապետական կուսակցության համար լի էին փորձություններով: Նախ' խորհրդարանական ընտրություններից 2 օր առաջ՝ մայիսի 4-ին, Հանրապետության հրապարակում ՀՀԿ-ի հանրահավաքի ժամանակ բռնկվեցին գազով լցված փուչիկներն ու տարբեր աստիճանի այրվածքներ պատճառեցին մոտ 140 երիտասարդի: ՀՀԿ-ն այդ փորձությունը դեռ չէր հաղթահարել, երբ նույն ամսի 22-ին հրդեհվեց ՀՀԿ շենքի տանիքը: Հրդեհը մարելու համար բաց թողնված ջուրը ավերել էր շենքի բոլոր 3 հարկերը, որը վերանորոգելիս սեպտեմբերին տանիքից ընկավ և մահացավ 27 ամյա մի շինարար: Տարին դեռ չբոլորած' նախագահական այս ընտրություններին էլ տեղի ունեցավ Պ. Հայրիկյանի դեմ մահափորձը: Փորձանքը ընտրությունների ժամանակ կարծես թե հետապնդում է ՀՀԿ-ին: Իսկ մի քանի ամիս հետո էլ տեղի են ունենալու Երևանի քաղաքապետի ընտրությունները: