Asiana Airlines հարավկորեական ընկերության մարդատար օդանավն ապրիլի 14-ին վթարային վայրէջք է կատարել Ճապոնիայի Հիրոսիմա քաղաքի օդանավակայանում: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը' հղում անելով Ճապոնիայի NHK կենտրոնական հեռուստաալիքին:

 

Տուժել է առնվազն 23 մարդ: Հիրոսիմա պրեֆեկտուրայի հրշեջ վարչությունում պատմել են, որ բոլոր տուժածներն էլ թեթև վնասվածքներ են ստացել:

 

 

Փրկարարների տեղեկատվության համաձայն' վայրէջքից հետո օդանավը դուրս է եկել թռիչքավայրէջքային գոտուց: Դրան իսկույն մոտեցել են հրշեջ մեքենաները: Դատելով ճապոնական հեռուստատեսության կադրերից' ինքնաթիռի ձախ թևի վրա ծուխ է երևում: Ուղևորների շտապ տարահանում է իրականացվել փչովի փրկարարական սանդուղքներով: Ներկայում բոլոր ուղևորները դուրս են բերվել օդանավից:

 

 

Ինքնաթիռը Հարավային Կորեայի Ինչհոն քաղաքից մեկնել էր Հիրոսիմա: Օդանավում գտնվում էր 74 ուղևոր և անձնակազմի յոթ անդամ: Ճապոնիայի տրանսպորտի նախարարության մասնագետներն արդեն ձեռնամուխ են եղել տեղի ունեցածի պատճառները պարզելուն: Նախնական տեղեկատվության համաձայն' վայրէջքի ընթացքում օդանավը կարող էր դիպչել մի ինչ-որ առարկայի, որը գտնվում էր թռիչքավայրէջքային գոտու շրջանում: