Հայաստանում սրտաբանությունը մեծ քայլերով առաջընթաց է ապրել, և այսօր այդ ոլորտում հնարավոր է ապահովել միջազգային ամենաբարձր մակարդակի ծառայություն:

 

«Արմենպրես»-ի փոխանցմամբˋ ապրիլի 15-ին սիրտ-անոթային հիվանդությունների պաթոգենեզին, ախտորոշմանը, բուժմանը և կանխարգելմանը նվիրված 10-րդ հոբելյանական գիտաժողովում այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:

 

Նախարարը նշեց, որ սիրտ-անոթային հակարգի հիվանդություններն այսօր ամբողջ աշխարհում և Հայաստանում բարձր հիվանդացության և մահացության պատճառ են դիտվում: Նրա խոսքովˋ մեր երկրում մահացության 80 տոկոսը պայմանավորված է երեք հիմնական հիվանդություններովˋ սիրտ-անոթային, արյան շրջանառության հետ կապված (48 տոկոս) և օնկոլոգիական հիվանդությունները (20 տոկոս) և շաքարային դիաբետը: Ինչը նշանակում է, որ ամեն երկրորդ մահ կապված է սիրտ-անոթային հիվանդությունների հետ:

 

«Յուրաքանչյուր առողջապահական համակարգ, իր առջև նպատակ դնելով ապահովել բարեկեցություն ու երկարակեցություն, առողջություն կերտել և ապահովել այդ առողջության տարրն ու հեռանկարները, միաժամանակ պետք է կարողանա, վերլուծելով հիմնական խնդիրները, զարկ տալ առավելագույն կարևոր ուղղություններին: Հպարտությամբ պետք է ասեմ, որ վերջին տասնամյակներում սրտաբանությունը մեր երկրում մեծ քայլերով զարգացում է ապրել, և այսօր մենք կարող ենք արձանագրել միջազգային ամենաբարձր մակարդակով ապահովվածություն այս ոլորտում»,- ասաց Արմեն Մուրադյանը:

 

Ոլորտի մարտահրավերները հաղթահարելու նպատակով Առողջապահության նախարարությունը երեք ծրագիր է մշակել և հաջողությամբ ներդրել, որոնցից առաջինը Կանխարգելիչ այցի փորձարարական ծրագիրն է: Այն իրականացվում է սոցփաթեթի շահառուների շրջանակում և ապահովում է բնակչության երեք տոկոսը:

 

Համաշխարհային բանկի աջակցությամբ վարկային գծով նախարարությունն իրականացնում է նաև Զարկերկային ճնշման սկրինինգային ծրագիրը, որի շնորհիվ հետազոտվում են 35-65 տարեկան բնակիչները: «Մենք հույս ունենք, որ այս ծրագրով կկարողանանք ապահովել 50 տոկոսից ավելի ծածկույթ՝ վաղ փուլերում հայտնաբերելով հիվանդությունը և դրա հետևանքները, կանխարգելիչ միջոցառումներ ձեռնարկել»,- հավելեց նախարարը:

 

Հունվարի 1-ից մեկնարկել է նաև Սրտի անհետաձգելի վիրահատությունների ծրագիրը, որը համահունչ է ՀՀ նախագահի նախընտրական դրույթներին: Արդեն իսկ 450 մարդ օգտվել է կյանք փրկող այս ծրագրից: Կառավարությունն այս տարվա բյուջեում 500 մլն դրամ էր հատկացրել այս ծրագիրը կյանքի կոչելու համար:

 

«Սիրտ-անոթային հիվանդությունների պաթոգենեզի, ախտորոշման, բուժման և կանխարգելման տարբեր հարցեր» խորագրով 10-րդ հոբելյանական գիտաժողովը ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում կշարունակվի մինչև ապրիլի 17-ը: Այն նախաձեռնել է Հայաստանի սրտաբանների ասոցիացիան:

 

21-րդ դարի դարասկզբին սիրտ-անոթային հակարգի հիվանդություններն ամբողջ աշխարհում կազմում են ընդհանուր մահացության ավելի քան 50 տոկոսը: Նկատվում է սիրտ-անոթային հիվանդությունների երիտասարդացում, սիրտ-անոթային բարդություններով պայմանավորված հոսպիտալացումների քանակի աճ: Ինչը փաստում է, որ սիրտ-անոթային համակարգի հիվանդությունները ոչ միայն առողջապահական, այլև սոցիալական գերխնդիր են:

 

Գիտաժողովի ընթացքում նախատեսվում է անդրադառնալ սիրտ-անոթային հիվանդությունների պաթոգենեզին, ախտորոշմանը, բուժմանը և կանխարգելմանը վերաբերող հիմնահարցերին, այս բնագավառում կատարված աշխատանքներին, հետազոտություններին և դրանց արդյունքներին: Գիտաժողովը նախագահում էր Հայաստանի սրտաբանների ասոցիացիայի նախագահ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Կառլեն Ադամյանը: