Ամերիկայի Միացյալ Նահանգների և Թուրքիայի քաղաքական շահերը շարունակում են գոյություն ունենալ այն տեսքով, ինչպես եղել են, սակայն ոչինչ չի կարող հիմնավորել այն հանգամանքը, որ պաշտոնական Վաշինգտոնը չի արտասանում ցեղասպանություն բառը: «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը՝ պատասխանելով հարցին, թե որքանով է հնարավոր համարում, որ ապրիլի 24-ին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կարտասանի ցեղասպանություն բառը: «Այս պահին ես ցածր եմ համարում հավանակությունը, որ ԱՄՆ նախագահը կարտասանի ցեղասպանություն բառը: Դատելով պաշտոնական Վաշինգտոնի գործողություններից՝ Թուրքիայի հետ հարաբերությունները քաղաքական առումով Վաշինգտոնի համար գերակշռում են ցեղասպանություն բառն արտասանելու հնարավորությանը»,- ասաց նա:

 

Զաքարյանը ևս մեկ անգամ ընդգծեց, որ հայ ժողովրդի համար կարևոր է հարցի բարոյական կողմը: «Ես կարծում եմ, որ հայ ժողովրդին հաջողվելու է Միացյալ Նահանգներում գտնել այն ճշմարիտ մոդելը, որն առանց այդ երկրի շահերը վնասելու հնարավորություն կտա, որ Միացյալ Նահանգները ևս միանա այն պետություններին, որոնք բարոյական հարթության վրա ճանաչելով և դատապարտելով հանդերձ՝ շարունակում են իրենց երկկողմ հարաբերությունները Թուրքիայի հետ»,- նշեց պատգամավորը:

 

ԱՄՆ-ում ապագա նախագահական ընտրություններում հաղթելու ամենահավանական թեկնածուն համարվում է Հիլարի Քլինթոնը: Լրագրողը հետաքրքրվեց, թե Հայոց ցեղասպանության հարցում ԱՄՆ դիրքորոշումն ի՞նչ փոփոխությունների կարող է ենթարկվել Քլինթոնի՝ նախագահ դառնալուց հետո: Արտակ Զաքարյանն ի պատասխան նշեց, որ դեռ վաղ է խոսել ԱՄՆ-ում ապագա նախագահական ընտրությունների վերաբերյալ ենթադրություններ և վերլուծություններ անելու համար: Նրա խոսքով՝ ամեն ինչ ցույց կտա նախընտրական քարոզարշավը, որը դեռևս չի էլ սկսվել: