«Ալ Քաիդա» ահաբեկչական խմբավորումն ապրիլի 16-ին հսկողություն է հաստատել Եմենի Հադրամաութ մարզի ալ Մուկալլա քաղաքի օդանավակայանի վրա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Sky News Arabia կայքը, ահաբեկիչները գրեթե առանց պայքար մղելու գրավել են օդանավակայանը, երբ այն հսկող բանակի ստորաբաժանումները հեռացել են իրենց դիրքերից:
Եմենում ստեղծված լարված իրավիճակից օգտվում են «Ալ Քաիդա»-ի ահաբակեիչները և հարձակումներ իրականացնում:
Ավելի վաղ՝ ապրիլի 3-ին, Եմենի տասնյակ զինծառայողներ սպանվել էին ալ Մուկալլա քաղաքի ռազմաբազայի վրա «Ալ Քաիդա»-ի հարձակման հետևանքով:
Եմենում 2014թ. օգոստոսից շարունակվում է քաղաքական ճգնաժամը: Հունվարի վերջին շիաները երկրի նախագահին և վարչապետին ստիպել էին հրաժարական տալ: Նրանք իրենց ձեռքն էին վերցրել պետական հաստատությունները: Նախագահը հայտնվել էր տնային կալանքի տակ, սակայն որոշ ժամանակ անց տեղափոխվել էր Ադեն քաղաք: Այժմ Աբդ Ռաբբո ալ Հադինմիջ ազգային մակարդակում ընդունվում է որպես երկրի գործող նախագահ:
Եմենի նախագահին օգնելու նպատակով Սաուդյան Արաբիան մարտի 26-ի ռազմական մասշտաբային գործողություններ է սկսել շիա ապստամբների դեմ: Սաուդյան Արաբիային աջակցում են Բահրեյնը, Քաթարը, Քուվեյթը և ԱՄԷ-ն: Արաբական դաշինքի ուժերի ղեկավար Ահմադ Ասիրին հայտարարել է, որ ռազմական գործողությունները կշարունակվեն մինչև Աբդ Ռաբբո Մանսուր ալ Հադիի իշխանության վերականգնումը: