Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հարցազրույց է տվել «Եվրոնյուզ» հեռուստաընկերությանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբˋ Նախագահը խոսել է ցեղասպանության տարելիցի նշանակության, հայ-թուրքական հարաբերությունների մասինˋ անդրադառնալով նաև հարևան Թուրքիայի ժխտողական քաղաքականությանը:

 

Երկրի ղեկավարի խոսքով՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման արարողությունները մի քանի ուղերձ են կրումˋ հիշողության, երախտագիտության և մոխրից վերածնվող ազգի: «Մեր պարտքն է գտնել և մատնացույց անել այն օրինաչափություններն ու պատճառահետևանքային կապերը, որ հետագայում կարող են հանգեցնել նման հանցագործությունների»,- նշել է Սերժ Սարգսյանըˋ ընդգծելով, որ մարդկության դեմ հանցագործությունները չեն կարող մոռացվել ժամանակի ընթացքում:

 

Հիշատակի արարողություններով կարևորվում է ապագայի ցեղասպանությունները և մարդկության դեմ մյուս հանցագործությունները կանխելու գաղափարը: Հարցին, թե արդյոք որևէ ուղի կա, որով Հայաստանը և Թուրքիան կարող են առաջ շարժվել և միմյանց հետ համագործակցել, նախագահը պատասխանել է. «Ես ինքս իմ կարողությունների սահմաններում, որպես Հայաստանի Հանրապետության Նախագահ երկու անգամ փորձել եմ ձեռնամուխ լինել այդ ուղու ստեղծմանը: Ինձ նախորդած երկու նախագահները նույնպես նույն են արել: Մենք հայտարարել ենք Թուրքիայի հետ առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մեր մտադրությունների մասին: Երկրորդ փորձն արվել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախօրեին: Մի քանի ամիս առաջ ես նամակ ուղարկեցի Թուրքիայի նախագահինˋ հրավիրելով մասնակցել ապրիլի 24-ի արարողություններին և ոգեկոչել բոլոր նահատակների հիշատակը: Սակայն թուրք իշխանություններն այլ կերպ որոշեցին»:

 

Անդրադառնալով Հռոմի պապի և Եվրոպական խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման քայլերին ուղղված Թուրքիայի կոշտ արձագանքին, ՀՀ Նախագահն ընդգծել է, որ դրանք անակնկալ չեն: «Մենք մշտապես ականատեսն ենքˋ ինչպես է Թուրքիան պարբերաբար վերանայում ժխտողականության իր գործիքակազմը: Իսկ Հռոմի պապի հայտարարությունը տեղին եմ համարում: Նա մեծ առաջնորդ էˋ արադարամիտ և ճշմարտախոս»,- ասել է նա:

 

Խոսելով Թուրքիայի հետ հաշտեցման հնարավորության մասին՝ Նախագահը նկատել է, որ Թուրքիայի կողմից ցեղասպանության ճանաչումն ամենակարճ ճանապարհը կլինի։ «Իմ համոզմամբ՝ եթե դա արվի անկեղծորեն, ապա, կարծում եմ, կարճ ժամանակահատվածում Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունները կբարձրանան նոր՝ ավելի բարձր մակարդակի»,- կարծիք է հայտնել երկրի ղեկավարը:

 

Նախագահ Սարգսյանը անիրական է համարել պատմաբանների հանձնաժողովի ստեղծումը, որ առաջ էր քաշվել Թուրքիայի կողմից. «Չեմ կարող պատկերացնել, թե ինչպես է նման հանձնաժողովը գործելու, քանի որ թուրք պատմաբանները կլինեն թուրքական հասարակության և թուրքական իշխանությունների ճնշման ներքո, իսկ հայ պատմաբանները՝ հայ հասարակության և հայկական իշխանությունների»,- ասել է նաˋ հավելելով, որ Հայոց ցեղասպանության մասին մեծ արխիվներ ունեցող մասնագիտացված կառույցներն ու պետությունները որևէ կասկած չունեն այդ հարցում:

 

«Մեզ համար նման առաջարկությունը վիրավորական է, քանի որ այն հարցականի տակ է դնում Ցեղասպանության փաստն ու դրա իրավացիությունը»,- ասել է Նախագահ Սարգսյանը։