Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ապրիլի 24-ը հայ դատի պայքարի ամփոփումը չէ, այլ նոր գլխի սկիզբը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման ԱՄՆ Արևմտյան ափի հանձնաժողովը՝ միաժամանակ իր խորին հիասթափությունը հայտնելով ԱՄՆ Նախագահ Բարաք Օբամայի հայտարարության վերաբերյալ:

«Հռոմի Ֆրանցիսկոս պապից և Գերմանիայից մինչև Իսրայելի Նախագահ Ռիվլին և Եվրոպական խորհրդարան, աշխարհի առաջնորդները միավորվեցին այս ամիս ՝ Հայոց ցեղասպանությունը կոչելու իր համապատասխան անունով՝ ցեղասպանություն: Ցավոք սրտի, Նախագահը կրկին ընտրեց լինել ԱՄՆ այն նախագահներից մեկը, որոնք, քաղաքական նկրտումներից ելնելով, աչք են փակել ցեղասպանության վրա»,- ասվում է հանձնաժողովի հաղորդագրությունում:

 

 

«Ակնհայտ է, որ Թուրքիան Նյու Յորքից մինչև Կալիֆորնիա և ամենուր պարտվում է ճշմարտության դեմ պայքարում»,- նշում են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման ԱՄՆ Արևմտյան ափի հանձնաժողովի մեջ ընդգրկված 19 կազմակերպությունները՝ մեջբերելով Մարտին Լյութեր Քինգի հայտնի խոսքերը. «Տիեզերքի բարոյական աղեղը երկար է, բայց այն թեքված է դեպի արդարություն»:

«Մի օր շուտ մեր նախնիները կհիշվեն այն արժանապատվությամբ և հարգանքով, որին նրանք արժանի են: Երբեք մի′ մոռացեք 1915-ը»,- կոչ է անում հանձնաժողովը: