Ռուս հաղորդավար Վլադիմիր Պոզներն իր pozneronline.ru կայքում անդրադարձել է Երևան կատարած այցին, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հայաստանյան այցին ու նրա ելույթին և իր տպավորություններն է ներկայացրել դրա վերաբերյալ:

 

Անցած շաբաթ տեղի ունեցած կարևորագույն դեպքերի թվում Պոզները թվարկում է այն, ինչ տեղի ունեցավ այս օրերին' կապված Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանության 100-րդ տարելիցի հետ:

 

«Ես նկատի ունեմ ոչ թե հենց տարելիցը, այլ այն, թե ինչ ասաց Պուտինը Երևանում: Ես չգիտեմ, թե դուք որքանով եք տեղյակ Թուրքիայի ռեակցիայի մասին այն կապակցությամբ, թե ինչ է ասվել: Ինչպես հասկանում եք, Թուրքիան կարևոր պետություն է, կարևոր է Ռուսաստանի համար, քանի որ խոսքը նավթագազատարի մասին է, և, իհարկե, Թուրքիայի հետ հարաբերություններն այդքան ուժեղ փչացնել ոչ ոք չի ցանկանում, այդուհանդերձ, ասվել է այն, ինչ ասվել է: Դա եղել է հենց ցեղասպանություն:

 

Թե ինչ հաշվարկ է այդտեղ եղել' մենք դեռ կտեսնենք: Ամեն ինչ մեր աչքի առաջ տեղի կունենա, սակայն կարծում եմ' կլինեն ինչ-որ հետևանքներ»,- գրել է Պոզները: