Թուրքիայում ոստիկանությունը ձերբակալել է Ստամբուլի դատարանի դատավոր Մեթին Օզչելիքին, ում որոշումով կալանքից ազատ են արձակվել երկրի ղեկավարության դեմ «դավադրության», կամ այսպես կոչված «զուգահեռ պետության» մասին գործով 76 կասկածյալները: Եվս մեկ դատավոր, նրա գործընկեր Մուստաֆա Բաշերի նկատմամբ որոնում է հայտարարվել:

 

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Հուրիեթ» թերթը' նշելով, որ ազատ արձակվածների մեջ են նաեւ «գյուլենականների համայնքին» անդամակցելու մեղադրանքով ձերբակալված Սամանյոլու հրատարակչական խմբի նախագահ Հիդայաթ Քարաջան եւ բարձրաստիճան ոստիկաններ:

 

Դատավորների այդ որոշումից զայրացած թուրքական ղեկավարության հանձնարարությամբ դատախազի միջնորդությամբ բարձր ատյանի դատարանը չեղարկել է այդ որոշումը: Թուրքիայի դատավորների եւ դատախազների բարձրագույն խորհուրդը (HSYK) որոշում է ընդունել աշխատանքից հեռացնել Օզչելիքին եւ Բաշերին:

 

Թուրքիայում «զուգահեռ պետություն» անվանում են իշխանական կառույցներում աշխատող «Հիզմեթ» շարժման մասնակիցներին, որը ղեկավարում է ԱՄՆ-ում վտարանդիության մեջ բնակվող արդի իսլամի գաղափարախոս, ընդդիմադիր քարոզիչ Ֆաթուլլահ Գյուլենը: Անցյալ տարվա դեկտեմբերին Ստամբուլի դատարանը Գյուլենին ձերբակալելու վճիռ էր ընդունել:

 

Դատավորների գործողությունները բացասական են գնահատել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը եւ վարչապետ Ահմեթ Դավութօղլուն, որոնք նրանց մեղադրել են իրենց բնորոշմամբ' «զուգահեռ պետության» կազմակերպիչ, կրոնական գործիչ Գյուլենին ենթարկվելու մեջ' հայտարարելով, որ դատավորները գործել են Գյուլենի հանձնարարությամբ եւ գերազանցել են իրենց լիազորությունները:

 

2013 թվականի դեկտեմբերի կեսերին այդ երկիրը ցնցած կոռուպցիոն սկանդալից անմիջապես հետո, որով բացահայտվել էին թուրքական կառավարության անդամների, այդ թվում' այն ժամանակ Թուրքիայի վարչապետ Էրդողանի որդու, փեսայի եւ դստեր խոշոր կոռուպցիոն գործարքները, Էրդողանը հայտարարել էր, որ դրա հետեւում կանգնած են ԱՄՆ-ում վտարանդի արդի իսլամի գաղափարախոս Ֆաթուլլահ Գյուլենի հետեւորդները, որոնք ցանկանում են տապալել իր կառավարությունը: Էրդողանի հանձնարարությամբ աշխատանքից հեռացվել կամ ձերբակալվել են այդ կոռուպցիոն սկանդալը բացահայտած հազարից ավելի փ աստաբաններ, դատախազության եւ ոստիկանության աշխատակիցներ: Իրավապահ եւ դատական համակարգերը գյուլենականներից «մաքրելու» գործընթացը Թուրքիայում շարունակվում է մինչ օրս: