Ադրբեջանի պետական նավթային հիմնադրամը շարունակում է զգալի կորուստներ կրել' կապված նավթի համաշխարհային գների շարունակական անկման հետ:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով ադրբեջանական ԶԼՄ-ները, այսօր Բաքվում անցկացրած մամուլի ասուլիսում Հիմնադրամի գործադիր տնօրեն Շահմար Մովսումը հայտարարել է, որ 2015 թվականի առաջին եռամսյակում Հիմնադրամի ծախսերը 307,5 մլն դոլարով գերազանցել են եկամուտները, ինչը նշանակում է, որ Հիմնադրամի կորուստը կազմել է 6 տոկոս:
Մովսումովի այդ տեղեկությանը հակառակ, ադրբեջանցի հայտնի տնտեսագետ Գուբադ Իբադօղլուն «Թուրան»-ի հետ զրույցում իր կատարած հաշվարկների արդյունքներով պնդել է, որ նավթի համաշխարհային գների շարունակական անկման հետևանքով մանաթի փետրվարյան 34 տոկոս արժեզրկման պատճառով Ադրբեջանի պետական նավթային հիմնադրամի եկամուտները փետրվարի 21-ի դրությամբ կրճատվել են 3,3 մլրդ դոլարով:
Նրա խոսքով' խոշոր կորուստներ է կրել նաև Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը:
«2015 թվականի առաջին եռամսյակն արդեն հետևում է, ադրբեջանական նավթի գինը տատանվում է 55 դոլարի շուրջ, և նավթի գնի էլ ավելի անկման միտում է զգացվում: Նման դեպքում կառավարությունը պետք է սպասի նավթի գնի մինչև 83 դոլար բարձրանալուն, որպեսզի փոխհատուցի կորուստները, ինչը խիստ անհավանական է», -ասել է նա:
Ադրբեջանի արտահանման 95 տոկոսը կազմում են գազը, նավթն ու նավթամթերքները, իսկ երկրի պետբյուջեն 87 տոկոսով ձևավորվում է էներգակիրների արտահանումից ստացվող եկամուտների հաշվին:
Ադրբեջանի 1915 թվականի պետբյուջեում նավթի գինը մեկ բարելի համար նախատեսված է 90 դոլար: Ներկայում այն արդեն պետբյուջեում նախատեսվածից մոտ 40 դոլարով ցածր է:
Նավթի գների անկման հետ կապված Ադրբեջանի նավթարդյունաբերության ոլորտում էներգակիրների արդյունահանման ծավալների և աշխատակիցների զանգվածային կրճատումներ են սկսվել: