Այսօր՝ մայիսի 2-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:30-ի սահմաններում Toyota Land Cruiser Prado մակնիշի 55 DM 557 համարանիշի ավտոմեքենայի վարորդն Արաբկիրի զինկոմիսարիատի հարևանությամբ վրաերթի է ենթարկել Երևանի Ներքին Զեյթունի բնակիչ, 5-ամյա Ռոկո Պետրոսյանին:
Ինչպես հայտնում է Shamshyan.com, երեխան եղել է պապիկի հետ: Վարորդը իր վարած Prado-ով վրաերթի ենթարկված երեխային իր պապիկի ուղեկցությամբ տեղափոխել է Քանաքեռ-Զեյթունի բժշկական կենտրոն, որտեղ, սակայն, երեխայի կյանքը փրկել չի հաջողվել:
Այս պահին հիվանդանոց է ժամանել ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի պետ Արման Հովհաննիսյանի գլխավորությամբ: Տեղում են նաև ոստիկանության Զեյթունի բաժնի ՊՊԾ և պահպանության բաժնի մեծ թվով աշխատակիցներ, քանի որ հիվանդանոցի բակում իրավիճակը լարված է. մահացած երեխայի հայրն է այստեղ, ընկերները, իսկ վարորդին ոստիկանները ուժեղացված հսկողության տակ են պահում, որպեսզի նրա նկատմամբ հաշվեհարդար չտեսնեն: