Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մերժել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերը' մասնակցելու Հայրենական մեծ պատերազմում կրած հաղթանակի 70-ամյակի միջոցառումներին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ»-ը' հենվելով Կրեմլի դիվանագիտական աղբյուրների վրա:

 

Շուրջ 1,5 ամիս առաջ Անկարա ուղարկված հրավերի բացասական պատասխանը թուրքական կողմն արդեն փոխանցել է Կրեմլին: Մոսկվայի Կարմիր հրապարակում ֆաշիստական Գերմանիայի դեմ տարած հաղթանակին նվիրված միջոցառմանը թուրքական կողմը կներկայացնի Մոսկվայում Թուրքիայի դեսպան Ումիթ Յարդըմը:

 

Թուրքական պարբերականը նշում է, որ փորձագետների համոզմամբ' Էրդողանի նման որոշումը պայմանավորված է Հայոց ցեղասպանության տարելիցի միջոցառումներին Պուտինի մասնակցությամբ և այս կապակցությամբ ռուսական կողմի հնչեցրած հայտարարություններով: