Իրաքի ու Սիրիայի տարածքում իր վտանգավոր գործունեությունը ծավալող «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը առևանգված եզդի երեխաներին բռնի կերպով ստիպում է ջիհադիստ ու մահապարտ դառնալ, գրում է dailymail.co.uk-ը:
Աղբյուրը մանրամասնում է, որ իսլամիստները ստիպում են տղա երեխաներին այցելել ռազմական ճամբարներ, որտեղ նրանց «ուղեղները լվանում են» ու համոզում միանալ «սրբազան ջիհադին»:
Իրաքի խորհրդարանի եզդի պատգամավորները ևս հաստատել են այս տեղեկությունը' նշելով, որ ներկայում ԻՊ-ի ահաբեկիչների մոտ գերի է պահվում մոտ 3.000 եզդի:
Աղբյուրը նշում է, որ իսլամիստները երեխաներին սովորեցնում են ինչպես վարվել զենքի հետ ու ահաբեկչական գործողություններ իրականացնել: Բրիտանական պարբերականը հավելում է, որ մահապարտ դառնալու նպատակով գրոհայինները հիմնականում հավաքագրում են մտավոր խնդիրներ ունեցող երեխաներին: