Պարույր Հայրիկյանը այս հայտարարությամբ ազդարարեց, որ ինքը նպատակ չի ունեցել այս ընտրություններում հաղթել և դառնալ նախագահ: Նման մեկնաբանությամբ այսօր հրավիրված ասուլիսին հանդես եկավ գրող Վահրամ Մարտիրոսյանը, ում խոսքով՝ այստեղից գործարքի սուր հոտ է գալիս:
«Թարմացնելով հիշողությունները, թե ինքը ինչ քաջ գործունեություն է ունեցել սովետական տարիներին, սասանեց ժողովրդի վստահությունը, և հիմա, կամա թե ակամա, խաղում է իշխանության խաղը»,- ասաց Վահրամ Մարտիրոսյանը:
Գրողի խոսքով Հայրիկյանի որոշումը մեծ հարված հասցրեց ընտրական գործընթացին, քանի որ մյուս թեկնածուներն իրենց քարոզարշավը շատ վատ մեկնարկեցին, նրանցից և ոչ մեկը չէր սպասում, որ իրենք կարող են պայքարել նույնիսկ երկրորդ տեղի համար:
«Սա կլիներ մի մեծ նվեր մյուս երեք թեկնածուներին՝ ունենալ երկու շաբաթ ամփոփելու անցած երկու շաբաթը և ի մի բերելու հետագա անելիքները, և քանի որ իրենք եկել են «անհայտությունից» ու ամեն մի օրը իրենց վարկանիշի վրա էր ազդում»,- ասաց Վահրամ Մարտիրոսյանը:
Բանախոսի կարծիքով Հրանտ Բագրատյանի և Րաֆֆի Հովհաննիսյանի վարկանիշը սրընթաց աճում է:
«Հայրիկյանի նկատմամբ իրականացված մահափորձով ՀՀ-ն միջազգային վարկանիշի մեծ կորուստ չի ունեցել, որովհետև Հայրիկյանը մեծ ֆավորիտ չէր ընտրություններում, ամեն երկրում այսպիսի բան պատահում է, և ոչ մի երկիր երաշխավորված չէ, որ իր երկրում մահափորձ չի լինի»,- ասաց նա։
Վահրամ Մարտիրոսյանի կարծիքով, Հայրիկյանի դեպքից հետո կտրուկ փոխվել է նրա քարոզչական բառապաշարը' հաշվի առնելով այն հանգամանքը, որ նա երեկ խիստ քննադատությամբ հանդես եկավ տիրող իրավիճակի վերաբերյալ: